Վաղը մեկնարկելու է «Ryanair»-ի մուտքը հայկական շուկա. բոլոր տոմսերը վաճառված են. Ռևազյան

«Վաղը մեկնարկելու է «Ryanair»-ի մուտքը հայկական շուկա։ Օդի մուտքի տուրքը փոխեցինք և նոր ուղղությունների համար որոշել ենք օդի տուրքը հանել։ Դա մեծ ազդեցություն է ունեցել։ Եթե մենք մինչ այսօր դեպի Եվրոպա ունեինք 6-7 ուղղություն, այդ փոփոխություններից հետո ունենանալու ենք՝ 16-17»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

 

Նա նշեց, որ 2020 թվականին մեծ հոսքեր են սպասում. «Դա էլ փոխկապակցված է, թե ինչքան են Հայաստանի մասին վերջերս գրել միջազգային մամուլում։ Շատ հաճախ, երբ նոր ուղղություններ են ի հայտ գալիս, նոր ավիաընկերություններ են լինում, ապա երկրի գովազդը մեծ է լինում։ Շատ լավ է, որ ՀՀ քաղաքացիները կարողանան Եվրոպա այցելել ուղիղ չվերթներով և հարմար ժամերով՝ միաժամանակ էժան գներով։ Դա նաև կազդի տուրիզմի զարգացման վրա։ «Ryanair»-ի նման ավիաընկերությունը չի կենտրոնանում սփյուռքի վրա, այլ կենտրոնանում է տուրիստի վրա։ Հուսով ենք, որ շատ տուրիստներ կգան Հայաստան և դա նոր աշխատատեղեր կստեղծի և դրանով կզարգանա տնտեսությունը»։

 

Ռևազյանը նշեց, որ վաղվա «Ryanair»-ի չվերթի հետ կապված կարող է փոքր խնդիր առաջանալ։

«Մեր բախտն է էլի։ Իտալիայում կարգավարները որոշել են գործադուլ անել և դա ազդելու է «Ryanair»-ի վրա, սակայն դա ավիաընկերության մեղքը չի։ Այսօր ավելի պարզ կլինի, թե ինչ ազդանշաններ են լինելու Հայաստանի համար։ Ես կապ եմ հաստատել «Ryanair»-ի ղեկավարության հետ, սկզբից Հայաստանը դրել էին չեղարկման ցուցակի մեջ, բայց արդեն հանել են, բայց սպասվում են գործադուլի պատճառով ուշացումներ։ Հետևեք մեր կայքին, թռիչքների ուշացումների հետ կապված մենք տեղեկություններ կտրամադրենք»,-հավելեց նա։

 

Հարցին, թե եթե վաղը չչեղարկվի, քանի մարդ կմեկնի Իտալիա, Ռևազյանը նշեց, որ իր տեղեկություններով բոլոր տոմսերը վաճառված են։

 

Ռևազյանը ադրադարձավ նաև Երևան- Թեհրան չվերթնեի չեղարկմանը:

«Որպես Քաղավիացիայի կոմիտե՝ մենք պարտավոր ենք հայտարարել ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ չվերթների ընթացքում։ Բայց, ի վերջո, թռիչքային անվտանգության պատասխանատուն ավիաընկերությունն է և ինքն է որոշում կայացնում»,-անդրադառնալով Երևան-Թեհրան չվերթի չեղարկմանը, ասաց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

Նա նշեց, որ իրենք այդպիսի հայտարարություն չէին անի, եթե վտանգներ չլինեին։

 

«Մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ և այդ խորհուրդները գալիս են նրանցից։ Ժամանակ է պետք, որպեսզի քննություն տարվի և հասկացվի ամբողջ խնդիրը»,-հավելեց նա։

 

Քաղաքականություն

Պատահարներ