Տարվա ֆեյք լուրերի ցուցակը․ Infocheck

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ամփոփելով 2019 թվականը՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է տարվա ընթացքում մեդիադաշտում հայտնված և հանրության շրջանում լայն արձագանք գտած ապատեղեկատվությունների սեղմ ցուցակը։

 

Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը հանձնելու» նամակը

2019 թվականի հուլիսին մեդիատիրույթում տարածվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ուղղված մի նամակ, որն իբրև գրվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նամակում նշվում էր, թե վարչապետը պատրաստակամ է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Առաջին իսկ հայացքից կարելի էր կռահել, որ լուսանկարը և դրա բովանդակությունը կեղծ են։ Լուսանկարի կեղծ լինելու փաստի մասին կարելի է կռահել՝ ուշադրություն դարձնելով փաստաթղթում կնիքի և նամակի համարակալման բացակայությանը, ինչպես նաև բովանդակային սխալներին։

 

 Արցախի դրոշի բացակայությունը՝ դավադրությունների նոր տեսության  պատճառ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ կառավարությունում կայացած հանդիպմանը զուգահեռ մամուլում տարածվեցին քաղաքական գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի քննադատությունները, որոնց առանցքում Արցախի դրոշի բացակայությունն էր։ Ըստ այդ պնդումների՝ ՀՀ դրոշի կողքին Արցախի դրոշը չտեղադրելը դիտավորություն էր և պարունակում էր որոշակի մեսիջ։ 

Իրականում, սակայն, դրոշի բացակայությունը որևէ մեսիջ չուներ, ավելին՝ առաջին անգամը չէ, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպման ժամանակ այն բացակայում է: 

 

Պաշտոնական հանդիպումներում դրոշի դրվել-չդրվելու հարցը սահմանվում է արարողակարգով։ Այս դեպքում, պարզապես, Արցախի դրոշի տեղադրումը սահմանված չէր։ 

 

 Հայաստանը չի դադարեցրել միջպետական ֆինանսական աջակցության տրամադրումը Արցախին

Հունիսի 6-ին մամուլում ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ, թե ՀՀ կառավարությունը արդեն երկու ամիս է մերժում է Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցության դիմումները։ Այս լուրը հերքեց Ֆինանսների նախարարությունը՝ հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետությանը միջպետական վարկի շրջանակում տարեկան կտրվածքով փոխանցում է 57.4 մլրդ դրամ՝ յուրաքանչյուր ամիս 4 մլդ 820 մլն 500 հազար դրամ, որն էլ փոխանցվում է երկու մասով։ Միջպետական վարկի ժամանակացույցը սահմանվել էր Արցախի Հանրապետության կողմից, իսկ Հայաստանը փոխանցումները միշտ կատարել էր սահմանված գրաֆիկի համաձայն՝ առանց որևէ ուշացման։

 

Աննա Հակոբյանը Ալիևայի հետ նույն օդանավում չի եղել

Ապրիլին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել՝ նշելով, որ Աննա Հակոբյանը ապրիլի 1-ին Փարիզից ԱՄՆ է մեկնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ։ Այս գրառումը մեծ տարածում գտավ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ լրատվական կայքերում։ Այն նույնպես սուտ էր։ Աննա Հակոբյանը Ադրբեջանի առաջին տիկնոջ հետ նույն ինքնաթիռում չէր եղել, և ոչ էլ ԱՄՆ էր մեկնել Փարիզից, այս մասին հայտարարեց վերջինիս մամուլի խոսնակը։ 

 

Ապատեղեկատվություններ՝ վարչապետի ընտանիքի անդամներին սպասարկող մեքենաների վերաբերյալ 

Հոկտեմբերին հայկական մամուլը գրեց, թե ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին պետությունների ղեկավարներին սպասարկելու համար ձեռք բերված «Mercedes-Benz» մակնիշի զրահապատ մեքենաներից մեկը հատկացվել է կառավարության կազմում որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական օգտագործմանը։ Այս տեղեկատվությունը սուտ էր. գնված մեքենաներից ոչ մեկը Աննա Հակոբյանին չէր սպասարկել։ 

 

Իրականությանը չէին համապատասխանում նաև այս ամիս՝ դեկտեմբերին տարածված լուրերը, թե վարչապետ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X-trail մակնիշի ավտոմեքենա։ Նիկոլ Փաշինյանը, այս մասին խոսելով, նշել էր, որ մեքենան գնվել է ոչ թե Մարիամ Փաշինյանի, այլ Պետական պահպանության ծառայության համար և ձեռք է բերվել ոչ թե 2019 թվականին` իր դստեր ընտրությամբ, այլ դեռևս 2018 թվականի ապրիլի 6-ին, «երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր»։

 

 Արդարադատության նախարարի՝ զինծառայությունից ազատումը զերծ է կոռուպցիոն ռիսկերից

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին պտտվում էին տարատեսակ խոսակցություններ։ Լրատվամիջոցները գրում էին, թե ազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, կասկածի տակ էր դրվում նորանշանակ նախարարի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը: Կարճ ժամանակ անց հրապարակվեց տեղեկանքը, որում երևում էր՝ Ռուստամ Բադասյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել էր ողնաշարի սկոլիոզի ախտորոշմամբ։

 

Հանրային սպառման համար թմրանյութերը օրինականացնելու նախագիծ չի եղել

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր օրինականացնել թմրամիջոցների և արգելված նյութերի օգտագործումը գիտական, ուսումնական և փորձագիտական նպատակներով, մի շարք ապատեղեկատվությունների տարածման առիթ դարձավ։ Լրատվական կայքերը գրեցին, թե կառավարությունը շրջանառության մեջ է դրել «թմրամիջոցների օգտագործման օրինականացման նախագիծը»։ Նյութերում կցված էին նաև մի շարք թմրամիջոցների լուսանկարներ և ներարկիչներ, մինչդեռ հանրային սպառման համար թմրանյութերն օրինականացնելու որևէ մտադրություն չէր եղել։ 

 

 «RyanAir» ավիաընկերության՝ Հայաստանի շուկա մուտքն ու դրան հաջորդող մանիպուլյացիաները

«RyanAir»-ի՝ նոր ավիափոխադրողներից մեկի մուտքը Հայաստան ուղեկցվեց ոչ միայն մեծ ոգևորությամբ, այլև դրա շուրջ պտտվող կեղծ տեղեկություններով։ Մասնավորապես հաջորդ օրը մամուլը գրեց, որ ամեն ուղևորի համար պետությունը պետք է 76 դոլար վճարի։

 

Այնուհետև գրվեց, թե  «RyanAir»-ը եկել է Հայաստան, քանի որ վերջինիս  համար օդանավակայանային բոլոր վճարները չեղարկվել են: Տարածում գտած երկու տեղեկություններն էլ չէին համապատասխանում իրականությանը։ Թե Քաղաքացիական ավիացիայի ղեկավարի, և թե ՀՀ վարչապետի կողմից հնչեցված պարզաբանումներում նշվում էր, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում չեն սպասարկվել, կառավարությունը վերացնելու է «օդի տուրքը»՝ 1000 դրամ: Այս հնարավորությունը տրված է ոչ թե միայն «RyanAir»-ին, այլ բոլոր ավիաընկերություններին։

 

Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չէր տրամադրել

Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի գրառումը, որտեղ ասվում էր, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ, քննարկման մեծ ալիք բարձրացրեց։ «Փախստական» և «Քաղաքական ապաստան» տերմինները շփոթությամբ նույնացնելու արդյունքում թե՛ հայկական, թե՛ ռուսական լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, թե առաջին անգամ կիրառելով քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը՝ Հայաստանը Շիշկինին տրամադրել է քաղաքական ապաստան։ Միգրացիոն ծառայությունը հերքեց այս լուրը՝ նշելով, որ քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել: Հայաստանը Վիտալի Շիշկինին ոչ թե քաղաքական ապաստան, այլ միջազգային կոնվենցիայի հիման վրա՝ փախստականի կարգավիճակ էր տրամադրել։

 

Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան

Վերջին շրջանում հանրության կողմից ակտիվորեն քննարկված թեմաներից էր Աբու Դաբիի թագաժառանգի՝ Հայաստան ժամանելու մասին տեղեկությունը։ Նշվում էր, թե Հայաստանում ներդրումներ կատարելու համար ժամանած թագաժառանգը՝ Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ անհաջող հանդիպումից հետո, հեռացել է երկրից՝ առանց որևէ ներդրում իրականացնելու։ Իրականում Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։ 2019 թվականի ամռանը Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին, որը, սակայն, չի հանդիսանում Աբու Դաբիի թագաժառանգ և վերջինս անձամբ որևէ հանդիպում քաղաքապետի հետ չի ունեցել։

 

Իրանը մասնակցել է Արցախում կայանալիք Համահայկական խաղերին

Հունիսին մամուլը գրեց, թե Իրանի ներկայացուցիչները չեն մասնակցի Համահայկական խաղերին, քանի որ բացման արարողությունը տեղի է ունենալու Արցախում, իսկ Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ:

 

Մինչդեռ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնեց, որ Իրանի պատվիրակությունը հայտերի քանակով ամենամեծերից է՝ ավելի քան 245 հայտ, որոնցից 36-ը՝ Թավրիզից, 39-ը` Սպահանից և Շահինշահրից և մոտ 170 հայտ՝ Թեհրանից: 


 

Քաղաքականություն

Պատահարներ