Մեզ ասել են, եթե մինչև դեկտեմբերի 31-ը, ժամը 18.00-ն չհասցնեք մեքենան մաքսազերծել, թանկ գներով կվճարեք. ավտոներկրողներ

Հայտարարեցին, ասացին, որ այսուհետև կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաներ` պայմանով, որ ղեկը փոխվելու է, իսկ մաքսազերծումը լինելու է այն գնով, ինչը որ նախատեսված է ձախ ղեկով մեքենաների համար: Սակայն այդպիսի բան չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ավտոներկրող Արմեն Բարսեղյանը: 

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ այսուհետև հնարավոր է Հայաստան ներմուծել  աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով:

Ավտոներկրողն ասաց, որ ներմուծել է մեքենա, սակայն մաքսազերծումն ավելի թանկ է արժեցել, ավելացրել են տեղափոխման և բրոկերի գումար:

«Բրոկերն ամեն օր գին է թանկացնում, մենք պայմանավորվել էինք, ես իմ թղթերը տվել եմ 15 հազար դրամով, սակայն արդեն  30 հազար դրամ է ուզում: Իսկ հիմա նույն գործը 60 հազարով են անում: Չեմ հասկանում, չկա՞ որևէ մեկը, որը կարող է հսկել»,- ասաց Արմեն Բարսեղյանը: 

Ավտոներկրողն ասաց, որ բրոկերի կողմից թղթերի ուշացման հետևանքով 2 օր Գյումրիի մաքսատանն անիմաստ սպասել է, այժմ էլ պետք է վճարի  30 հազար դրամ, որ ավտոմեքենայի թղթերը հետ վերադարձնի:

«Մեզ ասել են, եթե հերթ կանգնեք ու մինչև դեկտեմբերի 31-ը, ժամը 18.00-ն չհասցնեք մեքենան մաքսազերծել, ուրեմն արդեն թանկ գներով կվճարեք, սակայն հայտարարել էին, որ հունվարի 1-ին ուժի մեջ մտնող որոշման ժամկետը հետաձգվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը»,- ասաց ավտոներկրողը:

Ավտոներկրողը հավելեց, որ ակնկալում է պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանից, քանի որ պարզվում է,  ինչպես հայտարարել էին այդպես չի լինելու և ավտոներկրողներն իրենց խաբված են զգում:

Քաղաքականություն

Պատահարներ