Տեղական տուրքերի դրույքաչափերն ավելանում են
Երևանի ավագանին քննարկում է Երևան համայնքում տեղական տուրքերի 2020թ․-ի դրույքաչափերը սահմանելու մասին հարցը։ Հարցի հիմնական զեկուցող, Քաղաքապետարանի աշխատակազմի և եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ նախագծով հիմնականում պահպանվել են 2019թ․-ի տուրքերի դրույքաչափերն ու տեսակները։
Փոփոխության են ենթարկվել Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվված, 1-ին մասի որոշ կետեր։
«Շինարարության թույլտվության հիմնական շենքերի և շինությունների համար մինչև 300 քառ․ մետր մակերես ունեցող բնակելի և մինչև 200 քառ․ մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների շինթույլտվությունների համար՝ 2019թ․-ի համար նախատեսված 75 000-ի փոխարեն նախատեսվել է 105 000 դրամ»,- ներկայացրեց Արմեն Հարությունյանը և հավելեց, որ փոփոխություններն այսքանով չեն ավարտվում։
Օրինակ՝ նույն հոդվածի այլ կետերի համաձայն՝ 200-ից մինչև 500 քառ․ մետր ընդհանուր մակերես ունեցող շենք-շինությունների համար տեղական տուրքը սահմանվել է 2020թ․-ի համար՝ 210 000 դրամ, մինչդեռ 2019թ-ին սահմանված էր 150 000 դրամ։ 500-ից մինև 1000 քառ․ մետր ընդհանուր մակերես ունեցող շենք-շինությունների համար 2019թ․-ի 250 000 դրամի փոխարեն 2020թ․-ի համար սահմանվել է 300 000 դրամ։ Շենք-շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների համար 2020թ․-ի տեղական տուրք է սահմանվել 21 000 դրամ, իսկ 2019թ․-ին սահմանվել էր 15 000 դրամ։
Փոփոխություններն, ըստ էության, ավագանու «Լույս» խմբակցության անդամների հավանությանը չարժանացան։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ 300 քառ․ մետր մակերես և դրանից քիչ մակերես ունեցող տարածքների համար, որոնք կարող են լինել փոքր կրպակներ, արդարացված չէ տեղական տուրքերի ավելացումը, որովհետև դրանով վնաս կպատճառվի տարածքների ներկայացուցիչներին։ Խմբակցության անդամ Թեհինա Վարդանյանն էլ ընդգծեց․
«Հիմնականում, էլի խփում ենք ցածր խավին, տնտեսվարողները այս ոլորտում քիչ են, որովհետև մարդիկ իրենց սեփական բնակարանները վերանորոգելու համար ստիպված են լինելու ավելի մեծ գումար վճարել։ Հետո էլ ասում եք՝ ընդդիմանում եք։ Չենք ընդդիմանում, չենք ուզում քաղաքացու վրա ահռելի բեռն դնել»։
«Լույս» խմբակցության ղեկավարը հավելեց, որ դեմ են նախագծին։ Նախագիծը դրվեց քվեարկության, այն ընդունվեց 42 կողմ, 4 դեմ, 6 ձեռնպահ ձայների հաշվարկով։