Հասարակություն

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է. «Հետք»

WRed
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է. «Հետք»

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող  քրեական գործի վարույթը կարճվել է:  Այս մասին «Հետքի» գրավոր հարցման ի պատասխան հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

«31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական գործի վարույթը կարճելու և Արմեն Ավետիսյանի  նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում)  նախատեսված հանցանք կատարելու համար` արարքում  հանցակազմի բացակայության հիմքով,  իսկ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանցանք կատարելու համար` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»,- ասված է դատախազության պատասխանում:

 

Այսինքն` Դատախազության պատասխանից պարզ է դառնում, որ գործով փողերի լվացման դրվագը չի հաստատվել: Դատախազությունը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված քրեական գործով Արմեն Ավետիսյանն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, և գործում առհասարակ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չի եղել:

 

Նշենք, որ մեկ տարի առաջ, երբ քրեական գործ էր հարուցվել, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «նախնական տվյալների համաձայն` Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի կառուցումը: 

 

Քրեական գործի հարուցումից շուրջ երկու ամիս անց` Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,  որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը:

 

2019-ի հուլիսի 4-ի կառավարության նիստից հետո Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ հյուրանոցը պետությանը նվիրելու հարցում իրավական խնդիր չկա, և սեպտեմբերի 26-ի կառավարության նիստին որոշվեց որպես նվիրատվություն ընդունել 15.8 մլն դրամ արժեքով հյուրանոցը:

 

Այսինքն` ստացվում է, որ հյուրանոցը պետությանը նվիրելուց մոտ մեկ ամիս անց` հոկտեմբերի 31-ին որոշվել է Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Նշենք, Կառավարությունը նոյեմբերի 21-ին որոշել է 7.5 մլրդ դրամով աճուրդի հանել հյուրանոցը:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250