Ճապոնիայի կառավարությունը ավելի քան 46 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրել «Երևան իմ սեր» հիմնադրամին

«Երևան իմ սեր» հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի միջև ստորագրվեց հուշագիր, համաձայն որի «Լուսէ» վերականգնողական կենտրոնում կստեղծվի մանկական ինտեգրացիոն սենյակ:

 

«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշեց, որ այդ հուշագիրն ազդարարում է փոխադարձ համագործակցության նոր սկզբի մասին: «Այս հուշագրի միջոցով մենք նպատակ ունենք  «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» վերականգնողական կենտրոնում ունենալ մանկական ինտեգրացիոն սենյակ, որը զգայական ինտեգրացիայի առումով կլինի միակը ողջ հանրապետությունում: Այդ սենյակի անհրաժեշտությունը կարևոր է հատկապես աուտիզմով երեխաների համար»,- ասաց Կարապետյանը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորեց բոլոր այն երեխաներին և ծնողներին, ում համար ստեղծվել է մանկական ինտեգրացիոն սենյակը:

 

«Այսպիսի կենտրոնները շատ կարևոր են հատկապես երեխաների համայնքում ապրելու իրավունքն ապահովելու համար: Այս ուղղությամբ քայլերը մեր պետության քաղաքականություններից մեկն է: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի երեխաները հաշմանդամության կամ սոցիալական խնդիրների պատճառով որևէ կերպ չմեկուսանան իրենց հասակակիցներից: Դրա նախապայմանը՝ համայնքում հենց այսպիսի կենտրոններ ունենալն է, որը կօգնի և՛ երեխաներին, և՛ նրա հետ աշխատող մասնագետներին, ինչպես նաև ծնողներին»,- նշեց Բաթոյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան՝ ողջունելով ներկաներին՝ ասաց, որ իր համար մեծ հաճույք է մասնակցել նմանատիպ հուշագրի ստորագրման արարողությանը:

 

«Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի՝ 46 հազար 213 ԱՄՆ դոլար դրամաշնորհային օժանդակությունն այժմ կծառայի «Լուսէ» կենտրոնում զգայական ինտեգրացիայի սենյակի հիմնմանը՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ: Սենյակը երեխաների համար կստեղծի անվտանգ և բարենպաստ միջավայր»,- նշեց Յամադան:

Նրա խոսքով՝ ծրագիրը նպատակաուղղված է օգնելու հատուկ կարիքներ ունեցող երեխաներին՝ կառավարելու իրենց հույզերը և բարելավելու ինքնուրույն ապրելու հմտությունները:

 

«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենն հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո նվիրեց շրջանակի մեջ դրված հենց իր լուսանկարը, որը լուսանկարել էին հիմնադրամի մեկ այլ ծրագրի շրջանակում:

Քաղաքականություն