Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի քրգործերը ուղարկվել են դատախազություն. ՀՔԾ

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ գործն ուղարկվել է Դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու:

Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը: 

 

ՀՔԾ հաղորդագրությունը՝ ստորեւ.

«ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: 13.12.2019թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Ինչպես արդեն տեղեկացվել է, Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով`մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

 

Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ»:

 

Հիշեցնենք` Արա Բաբլոյանին մեղադրանք էր առաջադրվել հոկտեմբերի 28-ին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրած չհեռանալու մասին ստորագրությունը։ Բաբլոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

Նույն քրեական գործով մեղադրվող Արսեն Բաբայանի նկատմամբ էլ ի սկզբանե ընտրված էր խափանման միջոց կալանավորումը, որը հետագայում փոխարինվեց անձնական երաշխավորությամբ։ Բաբայանի համար երաշխավորել էին «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում:

 

Նույն քրեական գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել էր նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: