«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ «Վարորդի Ընկեր»-ը դիմել ՀՀ նախագահին

Այսօր` «Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը և իր ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Ղազարյանը  միջնորդություն-խնդրագիր հանձնեցին ՀՀ Նախագահ՝ Արմեն Սարգսյանին, որպեսզի նախագահը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացման հետևանքով դատական կարգով բողոքարկման համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքի վերաբերյալ օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: 

 

Ազգային ժողովում օրերս ընդունված փոփոխությունը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ, հարուցել է վարորդների դժգոհությունը։ Եթե մինչ այժմ «Պետական տուրքի մասին»  օրենքի՝ «Դատարաններում պետական տուրքի գծով արտոնություններըե սահմանող 22-րդ հոդվածի համապատասական դրույթով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդունված որոշման դեմ գանգատներով ոչ առևտրային կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարող էին դիմել վարչական դատարան՝ առանց որևէ վճարի, ապա փոփոխությունից հետո վարորդները ստիպված կլինեն 4000 դրամ վճարել՝ ՃՈ-ի կայացրած որոշումները դատարան բողոքարկելու համար։ Պետական այս նոր տուրքը կգործի արդեն 2020 թվականի հունվարի 1-ի, եթե ՀՀ նախագահը ստորագրի արդեն ԱԺ-ի կոմից ընդունած օրենքը։ 

 

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանն ասում է, որ «Փորձում են քաղաքացիներին դրդել նրան, որ չկարողանան, չցանկանան բողոքարկման քայլի գնալ, այսինքն, 5000 դրամ տուգանքի բողոքարկման համար 4000 դրամ էլ պետտուրք վճարեն։ Շատերը, պարզ է, կհրաժարվեն բողոքարկելուց։ Իսկ բողոքարկելու դեպքում, չկարողանալով Առաջին ատյանում արդյունքի հասնել, պետք է դեռ 10.000 էլ Վերաքննիչում վճարեն, հետո 20000՝ Վճռաբեկում։ Այսինքն՝ 34.000 դրամ փող պիտի ծախսեն, որ 5000-ի առումով արդյունքի հասնեն։ Սա որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում,- նշում է «Վարորդի ընկեր » ՀԿ-ի նախագահը։