Կառավարության դիմաց ինքնահրկիզման փորձ կատարող կնոջ որդու դեպքից ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Կառավարության բակում ինքնահրկիզման փորձ կատարող Մայրանուշ Երանոսյանի որդին՝ Հակոբ Երանոսյանը, մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած ինքնավթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ  կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը. Նա իր բողոքն է արտահայտել որդու՝ Հակոբ Երանոսյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի վերաբերյալ:

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց ավտովարորդ Սամվել Հովհաննիսյանն իրեն վստահված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի մասից, ընդհարվել է մայթեզրի եզրաքարերին, այնուհետեւ շինության պատին, որի հետեւանքով ուղեւոր Հակոբ Մարտիկի Երանոսյանին անզգուշությամբ պատճառվել է մարմնական վնասվածքներ, ով տեղափոխվել է Երեւանում գործող բժշկական կենտրոններից մեկը:

 

Դեպքի առթիվ 22.05.2019թ. ՀՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:

 

Քրեական գործով Հակոբ Մարտիկի Երանոսյանի վերաբերյալ որոշում է կայացվել տուժող ճանաչելու մասին:

 

Նախաքննության ընթացքում տուժող Հակոբ Մարտիկի Երանոսյանի կնոջ` Ցողիկ Բարսեղյանի կողմից ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժին ներկայացրած դիմումի եւ կից փաստաթղթերի հիման վրա 09.08.2019թ. որոշում է կայացվել Ց.Գ.Բարսեղյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

 

Դատաբժշկական փորձաքննության թիվ 1208/հ եզրակացության համաձայն՝ Հակոբ Մարտիկի Երանոսյանի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի եւ օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, պատռած վերքերի, գանգի թաղի, հիմի եւ դիմային գանգի ոսկրերի կոտրվածքների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի՝ կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի ախտահարումով եւ կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, ենթաոստայնային արյունազեղման, գլխուղեղի այտուցի, աջ նախաբազկի զույգ ոսկրերի կոտրվածքների ձեւով, պատճառվել են բութ առարկաներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին եւ հանգամանքներում, որոնք իրենց համակցությամբ պատճառել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

 

29.05.2019թ. Սամվել Մելիքի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 

Հայտնում ենք, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց տեղի ունեցած ինքնավթարի հետեւանքով:

Քաղաքականություն