Քաղաքապետարանին աղբատարներ նվիրողները նախկին ու ներկա պաշտոնյաներին կապակցված ընկերություններն են «Հետք»

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։ Դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Ավելին, այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել, գրում է «Հետքը»: 

 

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կնոջ ընկերությունը պատրաստվում է բնակելի համալիր կառուցել քաղաքապետարանի տված հասցեում

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։ 

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է, հիմնադրվել է 2019թ-ի հունվարի 11-ին։ Ընկերության բաժնետերերից է Արմինե Եղիազարյանը (12․5 %), ով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է։ Ընկերության 50 %-ի բաժնետերը Աիդա Հովհաննիսյանն է, իսկ Մարինա Թադևոսյանը, Նարեկ Ասատրյանը և Սամվել Մանիջոյանը տիրապետում են 12․5-ական տոկոս բաժնետոմսերին։

N&S.jpg (110 KB)

Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեները ընկերության հողամասին տրամադրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-իորոշմամբ։ Ուղիղ մեկ շաբաթից՝ դեկտեմբերի 6-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ ընկերության կողմից կառուցապատման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ 

 

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների համակարգում այս ընկերության վերաբերյալ տվյալներ չկան, հետևաբար հանրության համար գաղտնիք է մնում դրա աշխատակիցների քանակը կամ արդյոք ունի՞ աշխատակիցներ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, «Ն եւ Ս քոնսթրաքշն» ընկերությունն այս տարվա հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողներից 104-րդն է եղել՝ վճարելով 364 միլիոն դրամ հարկ։

Արմինե Եզիազարյանին է պատկանում ընկերության 12,5 տոկոս բաժնեմասը։ 2018-ի հոկտեմբերի 27-ից նա հանդիսանում է նաև «Արտ Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։

 

Նախարարի նախկին տեղակալի հարկային պարտավորություններ ունեցած ընկերությունը 

Մեկ «Կամազ» մակնիշի աղբատար ավտոմեքենա էլ Երևան համայնքին նվիրել է «Էյչ բի Էմ գրուպ» ընկերությունը։ 

Այս ընկերության 33 տոկոսի սեփականատերը տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (2000-2013) Հրանտ Բեգլարյանն է, 0․02 տոկոսի բաժնետերը նրա դուստրը՝ Աննա Բեգլարյանը, իսկ 33-ական տոկոս բաժնեմասերը պատկանում են Հրաչյա Մինասյանին և Հրանտ Հախնազարյանին։

HMB.jpg (125 KB)

Հրանտ Բեգլարյանը, Հրաչյա Մինասյանն ու Հրանտ Հախնազարյանն այս տարվա օգոստոսի 22-ին Երևանի քաղաքապետարանից Հյուսիսային պողոտա 8 հասցեում գտնվող իրենց երկու տարածքի համար առանձնացված հասցեներ են ստացել (Հյուսիսային պողոտա 8 շենք, շինություն 11 և 6)։ Եռյակը համատեղ ևս մեկ ընկերություն է ունեցել՝ «Սմարտ Չոյս» ՍՊԸ-ն։

 

Չնայած ընկերությունը քաղաքին «ԿամԱԶ» մակնիշի աղբատար է նվիրել, սակայն այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ մոտ 244 հազար դրամի չկատարած հարկային պարտավորություն է ունեցել։

 

«Սամվել Ալեքսանյանը չի նվիրել», նրա հորեղբոր որդին է նվիրել 

 

Երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար էլ քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից։ Վերջինս գրանցված է Մալաթիա-Սեբաստիա Օհանովի փողոց 15/1 հասցեում, որտեղ գտնվում է նաև «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գլխամասային գրասենյակը։

 

 

Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում