Հայերը կարող են փոխել իրենց անուններն ավելի հեշտ ու ավելի կարճ ժամկետում
ՀՀ քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն կստանան առավել սեղմ ժամկետում փոխել իրենց անուններն անձնագրերում և դրա համար ստիպված չեն լինի դիմել տարբեր պետական ատյաններ ու օրերով սպասել պատասխանի։ Այս մասին որոշումն այսօր կայացվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած է ճանաչվել օրենքի այն դրույթը, որի համաձայն անունը փոխելու համար քաղաքացին պետք է դիմում ներկայացնի միայն մշտական բնակության վայրի կամ ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային մարմիններ: Առաջարկվող փոփոխությամբ քաղաքացին իրավունք կունենա դիմել ՔԿԱԳ ցանկացած մարմին:
Բացի այդ քաղաքացիներն ազատվել են դիմումներ լրացնելու պարտականությունից։ Դիմումները նրանց փոխարեն էլեկտրոնային համակարգում լրացնելու են ՔԿԱԳ–ի աշխատակիցները:
«Էլեկտրոնային գրանցամատյանն այսօր արդեն հնարավորություն է ստեղծում արագ և էլեկտրոնային եղանակով ստանալ անվան փոխման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի ծառայության տրամադրման ժամկետները ևս վերանայման կարիք ունեն»,– ասված է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության նախագծում։
Նախագիծն ընդունվեց առանց քննարկման, միաձայն։ Այն առաջիկայում կքննարկվի ԱԺ–ում։