Իտալական շուկայի մոտ 30 ձեռնարկություններ առաջիկայում կգան Հայաստան. դեպան
Բացի Միլանում կայացած «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացված հայ-իտալական գործարար համաժողովին մասնակցելուց՝ Հայաստանի պատվիրակությունը նաեւ շատ կարեւոր հանդիպում ունեցավ Լոմբարդիայի մարզի ղեկավարության հետ։
Այս մասին այսօր Իտալիայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Նա այս հանգամանքն առանձնապես կարեւորեց՝ նշելով, որ Լոմբարդիայի մարզը տալիս է Իտալիայի ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը՝ շուրջ 368 մլրդ եվրո։
Բաղդասարյանը հայտարարեց, որ Լոմբարդիան պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի հետ։ Նրա փոխանցմամբ՝ շուտով կտեսնեք մոտ 30 ձեռնարկություններ, որոնք կգան Հայաստան․
«Մենք սեկտորները նախապես կիդենտիֆիկացնենք, մոտ 30 ձեռնարկություններ կգան, քանի որ Հայաստանն այսօր հետաքրքիր շուկա է՝ հատկապես ԵԱՏՄ մտնելու համար»։
Դեսպանը, իհարկե, կարեւորեց նաեւ բիզնես-ֆորումը՝ ընդգծելով, որ այն եւս շատ հաջող անցավ․ ներկա էին շուրջ 150 ձեռնարկություններ, նույնիսկ դահլիճում այլեւս տեղ չկար։
Բիզնես ֆորումը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, դեսպանատունը կազմակերպել էր Իտալիայի ԱԳՆ-ի եւ Տնտեսության նախարարությանը կից ընկերության հետ, որը զբաղվում է արտաքին կոմերցիայով եւ իտալական ձեռնարկություններին աջակցում է դուրս գալ միջազգային շուկա․
««Իչե»-ի, «Ասո Լոմբարդա»-ի հետ էինք կազմակերպել, որը Լոմբարդիայի ռեգիոնի ձեռնարկությունների մի մասի ասոցիացիան է։ Ամեն դեպքում հույս ունեմ՝ կոնկրետ ներդրողներից կխոսեն»։
Ճշտող հարցին՝ 30 ընկերություններ գալու են հայկական շուկան ուսումնասիրելո՞ւ, թե կոնկրետ ներդրումների նպատակներով, Իտալիայում ՀՀ դեսպանը պատասխանեց, որ շուկան արդեն իսկ ուսումնասիրում են, բայց նշեց, որ Լոմբարդիայի ղեկավարը հայտնել է միայն, որ մոտ 30 կազմակերպություններ գալու են Հայաստան․ հետաքրքրությունը մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, տրանսպորտի եւ ինֆաստրուկտուրայի ոլորտներում է։
Միեւնույն ժամանակ դեսպանն ընդգծեց, որ առաջին հերթին կարեւոր է այն հանգամանաքը, որ հետաքրքրություն կա, ըստ այդմ կա նաեւ առաջարկների հնարավորություն։
Բաղդասարյանն ասաց նաեւ, որ մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նպաստել է համագործակցային միջավայրին։ Նրա խոսքով՝ այս օրերին նույնիսկ իտալական ԶԼՄ-ներն ուղղակի հեղեղված են ՀՀ վարչապետի այցի մասին լուրերով․
«Ոչ միայն տնտեսական հեղափոխությունն է արձագանք ստացել, այլ նաեւ այս այցը, այն շատ կարեւոր քաղաքական բնույն է կրում»,- ասաց դեսպանը՝ հիշատակելով նաեւ Փաշինյանի այցը Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ որպես կարեւոր աջակցություն։
Հարցին՝ Իտալիայի կառավարությունն աջակցելո՞ւ է Սբ․ Ղազար կղզում ջրհեղեղի հետեւանքով առաջացած վնասների վերացմանը, Վիկտորյա Բաղդասարյանը պատասխանեց, որ 2 օր առաջ Իտալիայի խորհրդարանը օրենք ընդունեց աղետի վերաբերյալ, ըստ որի՝ Իտալիան կօգնի վերականգնել մի շարք կազմակերպությունների շենքեր, եւ, հուրախություն մեզ, Սուրբ Ղազար կղզին մտնում է ցանկի մեջ։
Ինչ վերաբերում է մշակութային կյանքին՝ ՀՀ դեսպանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ Հովհաննես Թումանյանի արձանի բացումը Հռումում՝ նախագահական պալատի դիմացի այգում։ Դեսպանը մեկ այլ կարեւոր ծրագրի մասին հիշատակեց, սակայն չբացահայտեց՝ նշելով, որ անակնկալ է։