Երևանում` նյարդավիրաբույժները 5 ժամից ավել տևած բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նյարդավիրաբույժները 5 ժամից ավել տևած բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը.

 

«ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում՝ բաց մուտքով վիրահատություն։

Տարեսկզբին կինը շտապ օգնության մեքենայով գլխուղեղի կաթվածի կասկածով բերվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ և ախտորոշվել էր նշված զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ ինսուլտ։ Նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանին և Լեռնիկ Գրիգորյանին հաջողվել էր կատարել պատռված անևրիզմայի ներանոթային օբլիտերացիա միկրոպարույրներով և փրկել կնոջ կյանքը։ Ապա, ամիսներ շարունակ, պարբերական դինամիկ հսկմամբ հայտնաբերվեց, որ անևրիզման շարունակում է աճել և կա կրկնակի պատռման վտանգ։ Այդ կապակցությամբ որոշվեց կատարել անևրիզմայի վզիկի կլիպավորում նկարում ցույց տրված բաց վիրահատական մուտքով։

Գրեթե հինգ ժամ տևած վիրահատության արդյունքում կլիպավորվեց անևրիզմայի վզիկը, և այն այլևս չի կարող դառնալ կաթվածի պատճառ։
Կնոջ վիճակը լավ է, նա շուտով կվերադառնա իր բնականոն կյանքին»: