«ԼՀԿ», ուղիղ ասեք՝ մենք դեմ ենք, որ բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները. Փաշինյան

Ի՞նչ է փոխվում մարդկանց կյանքում. ԱԺ ամբիոնից այս հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2020թ. պետական բյուջեի նախագծի մասին:

 

«Ինչպե՞ս է փոխվում մարդկանց կյանքը. պարզ, պրիմիտիվ բանով, այն, որ մարդիկ երթևեկում են բարեկարգ ճանապարհով, դա իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե, փոխում է, քանի որ իրենք «ընթացագետ»-ի մոտ … դա խադավիկն է հայերենում … շատ ավելի քիչ են գնում և համապատասխանաբար քիչ գումար են ծախսում: Գյուղմթերքը բերում են շուկա վաճառելու, մեքենան քիչ է վերև-ներքև թռնում, ապրանքը քիչ է փչանում, աշխատատեղեր են բացվում: Խոսում ենք գործազրկության մասին, բայց մենք երկրում թափուր աշխատատեղերի պրոբլեմ ունենք, երկու մասնավոր ներդրողների արտադրական ձեռնարկության բացման եմ մասնակցել, ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա, մարդիկ աշխատող են փնտրում և չենք կարողանում գտնել: Շինարարական բոլոր կազմակերպությունները խրված են պատվերների մեջ. պատվերների, ոչ թե պարտքերի: Կան, որ խրված են պարտքերի մեջ, բայց դա հին պատմություն է, նրանցով համապատասխան մարմիններն են զբաղվում»,- ասաց նա՝ նշելով, որ մյուս տարի այս տենդենցն ավելի է ավելանալու, նոր ձեռնարկություններ են ստեղծվելու:

 

Վարչապետը խոսեց նաև առողջապահության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

 

«Բա կյանքը ո՞նց է փոխվում, բա առողջապահության ոլորտում, երբ մարդը գիտի, տնից-տեղից հեռու, որ ինսուլտ ստանա, չի գնալու հարևաններից պարտք անի, հիվանդը չի մնալու պատգարակի վրա, դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ: Որ չեն գնալու հիվանդանոց, իրենց ասեն՝ մեր պետպատվերի փողը մարտի կեսերին պրծել ա, գնացեք, մյուս տարի կգաք»,- նշեց նա:

 

Վարչապետը հիշեցրեց՝ բարձրացրել են ուսուցիչների, զինվորականների աշխատավարձերը, բանակում զինվորների սննդի համակարգն է փոխվել, որի արդյունքում թե կյանքի փոփոխություն է եղել, թե մարտունակության բարձրացում, քանի որ զինվորը չի ուտում սնունդ, որից հետո 3 օր պետք է բուժվի, զինվորը տեսնում է՝ իր կառավարությունը հոգ է տանում իր մասին, զինվորի ծնողը չի մտածում՝ «վայ, երեխաս էսօր ինչ կերավ»:

 

«Էն զինվորի ծնողը, որ տեսակցության գնալիս չի մտածում` հարևանից պարտք անի, որ մի քիչ մարդավարի սնունդ տանի, տա, բա էդ զինվորի ծնողի կյանքը դրանից չի՞ փոխվում, որ օրը մեջ ասում են՝ բա ե՞րբ է փոխվելու մարդու կյանքը: Բա էդ «մարդ» ասելիս ո՞ւմ նկատի ունեն: Էդ ասողների կյանքը գնալով վատանալու է, ուրիշ բանի հույս չունենան»,- շեշտեց վարչապետը:

 

Փաշինյանն արձագանքեց նաև հնչող քննադատություններին, թե՝ «ֆիսկալ կանոնները խախտում են»:

 

«Գետինը մտնեք դուք, «ֆիսկալ կանոները խախտում եք»: Եկեք, թարգմանեք՝ «աշխատավարձը մի´ բարձրացրեք», «թոշակ մի´ բարձրացրեք»: Կանգնեք, ուղիղ ասեք: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ուղիղ ասեք՝ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում. ամենակարևորը, որ փոխվել է, փոխվել է մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, փիլիսոփայությունը, գաղափարաբանությունը: Այն ժամանակ էր, որ այս ամբիոնից ասում էին՝ կյանքդ կփոխվի, ասում էին՝ այս ամբիոնից՝ 4 կիլո բրինձ կտանք՝ որպես ողորմություն: Այսօրվա կառավարությունն ասում է՝ կյանքը փոխում ենք աշխատանքով, կառավարությունը կարող է ձեզ համար ստեղծել հնարավորինս լայն, իդեալում անսահմանափակ հնարավորություններ, որ դուք ազնիվ, արդար աշխատանքով ձեր բարեկեցությունը վաստակեք»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ