10 մլն ծառ տնկելու համար բյուջեով գումար նախատեսված չէ. Մանե Թանդիլյան

«Որքանո՞վ է 2020թ. բյուջեն հեղափոխական և իրատեսական»,- նոյեմբերի 15-ին` ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ, նման հարցադրում արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը` նկատելով, որ բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել նախագծում:

 

«Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացմանը վերաբերող չեք գտնի որևէ տող այնտեղ: Երբ մենք ուզում ենք արևային և քամու էներգիան օգտագործել որպես վերափոխում էներգետիկ համակարգի կառուցման և ապահովության, որևէ տող չեք գտնի այս ուղղությամբ: Միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսվել է վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի բարձրացում մինչև 2.7 տոկոս, բայց եթե որևէ տող բյուջեում նախատեսված չէ, ապա ինչ է սա, եթե ոչ սոսկ հայտարարություն»,- ասաց Մանե Թանդիլյանը:

 

Նրա խոսքերով` հուսադրող չեն նաև տուրիզմի զարգացման ծրագրերը: Պատգամավորները երեկ հարց են բարձրացրել, թե ինչպես է զարգացնելու տուրիզմը, եթե չկան համապատասխան ծրագրեր: Կառավարության ծրագրում խոսվում է էկոտուրիզմի, էթնո, էքստրիմ, գաստրո տուրիզմի մասին, բայց որևէ տող չկա դրանց վերաբերող:

 

 

«Չեմ կարող չասել, որ հանրայնորեն հռչակված ցանկությունները՝ 10 մլն ծառ մինչև 2020թ. հոկտեբերի 10-ը, պարզապես միտված է եղել հանրությանը, որ ինչ-որ տեղից, ինչ-որ գումարներ կարող են հավաքագրվել և դա իրականություն դարձնել, քանի որ որևէ  տող չկա այդ ծրագրի իրականացման համար, բյուջեով նախատեսված չէ, իսկ ամենահամեստ հաշվարկով դա 20 մլրդ դրամի ծախս է նախատեսում»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:

 

Համեմատական անցկացնելով հետհեղափոխական հարևան Վրաստանի հետ` Մանե Թանդիլյանը նաև նկատեց, ՀՆԱ-ի աճի մակարդակը, ինչպես նաև ներդրումների սպասված աճը բավարար չէ:

 

Մանե Թանդիլյանը նշեց, որ որոշ դրույթներ օրենքի խախտումով են և առաջարկեց հետ վերադարձնել ու շտկել:

Քաղաքականություն

Պատահարներ