ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆելիքս Ցոլակյանը նկատողություն արեց հրշեջներին
Այսօր Մարզահամերգային համալիրում հերթական հրդեհն է բռնկվել, բայց սա ըստ ԱԻՆ ուսումնավարժանքի: Սցենարի համաձայն՝ հրդեհի պատճառը պայթյունն է, որ գրանցվել է Մարզահամերգայինի սպորտային դահլիճում եռակցման աշխատանքներ իրականացնելիս:
Խնդիր էր դրված տարհանել 70 մարդու: Կար 4 տուժած, որոնցից մեկը` խիստ ծանր վիճակում: Նրան հիվանդանոց տեղափոխելու համար Մարզահամերգայինի տարածք սանավիացիայի ուղղաթիռ է բերվել: Ուսումնավարժանքին հետևել է նաև ԱԻ նախարարը. Ֆելիքս Ցոլակյանը բարձր է գնահատել ԱՆ-ի, «Գազպրոմ» և «Վիոլա ջուր» ընկերությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքը, բայց նաև որոշ խնդիրներ է նկատել։
«Փողրակները լրիվ չեն աշխատում, ինչքան ես հասկացա: Առաջին գործը պետք է դա լիներ, որ ջրի խնդիր չլիներ»,- ասել է նախարարը:
Ավելի ուշ պարզվել է, որ ավազանի հետ կապված խնդիր էլ կա՝ դիրքը հարմար չէ, որպեսզի 4 մետրանոց փողրակով ջուր մատակարարվի հրշեջներին։
«Առաջին ուշադրության առարկան պետք է լիներ սա՝ թիկունքը պետք է ապահովեր այս մասերը, որպեսզի օպերատիվ շտաբը և հրշեջները կարողանային լիարժեք աշխատել: Մենք պլանով աշխատելու դեպքում պետք է ամեն դետալին ուշադրություն դարձնենք, և այդ դետալներից մեկը ջուրն է, հրշեջը պետք է ապահոված լինի ամեն ինչով: Մենք խնդիրների մասին կտեղեկացնենք ղեկավարությանը»,- հավելել է Ցոլակյանը:
SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելով՝ Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ խնդիրը բնորոշ է ողջ հանրապետությանը:
«Քաղաքում մենք օգտագործում ենք հիմնականում քաղաքապետարանի ջրատարները, էնտեղ էլ խնդիր կա՝ էդ ջրատար մեքենաները վերափոխել են ձմեռային աշխատանքների համար, և դրանք արդեն ջրատար չեն: Հիմա մենք այդ խնդիրը ունենում ենք ամեն քայլափոխի, իսկ հրդեհները չեն պակասել, շատացել են վերջին օրերին հատկապես»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրենք քայլեր ձեռնարկում են խնդրին լուծում տալու համար: