Վազգեն Մանուկյանը հրաժարվել է զբաղվել վարչապետի առաջարկած խնդրով

Քաղաքական չեզոքությունը չպահպանելը պատճառ է, որ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չսպասի՝ իրեն հեռացնեն, այլ ինքը հեռանա: Մեր զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

 

Լինելով Հանրային խորհրդի անդամ՝ նա ինքը չի տեսնում այդ կառույցի գործունեության արդյունավետությունը:

 

«Ինձ թվում է պարոն վարչապետն ի սկզբանե անկեղծորեն ցանկանում էր, որ Հանրային խորհուրդը աշխատող մարմին դառնա, որովհետեւ ինքը խորհրդատվական մարմին է, իր առաքելությունը կառավարությանը խորհրդատվություն տալն է, հանրային շահը վեր հանելը: Բայց այդ կառույցում այդ քաղաքականության իրականացումը չի եղել ու չկա: Իհարկե կան աշխատողներ, ովքեր շատ կարեւոր հանրային աշխատանք են կատարում, բայց խոշոր առումով հանրությանը հուզող խնդիրներով կամ կառավարության նախաձեռնությունների մասին հետաքրքիր առաջարկություններով հանդես գալու որեւէ փորձ այս ամիսների ընթացքում չի արվել»,- նշեց Սաֆարյանը:

 

Նա մի օրինակով ցույց տվեց, որ Մանուկյանն իրականում չի ցանկանում աշխատել Կառավարության հետ. «Մի հետաքրքիր բան պատմեմ. երբ որ առաջին հանդիպումը տեղի ունեցավ պարոն վարչապետի հետ, որին նախապաստրաստվեց նաեւ Հանրային խորհուրդը, խնդիրը դրված էր հասկանալ Կառավարություն-Հանրային խորհուրդ կապը, եւ երբ վարչապետը եկավ, իր տեսլականը շարադրեց կառույցի վերաբերյալ, ասաց՝ ես օրինակ շատ ցանկանում եմ, որ հանրային խորհուրդն իր լիազորությունների դաշտում պարզի արցախյան խնդրով հանրության շրջանում առկա կոնսենսուսը: Ի՞նչ է ուզում հանրությունը, ի՞նչ չի ուզում: Ես կարծում էի, որ պարոն Վազգեն Մանուկյանը դա ընկալած կլինի որպես հանձնարարություն՝ տրված կառավարության կողմից եւ կնախաձեռնի նման խնդրի լուծում:

 

Բայց ի զարմանս ինձ, երբ ասացի՝ ինչո՞ւ չեք կատարում այն, ինչի խնդրանքով կառավարությունը մեզ դիմել է, Մանուկյանն ասաց՝ այո, ես չեմ անելու դա: Ինձ համար շոկ էր, որ Հանրային խորհրդի նախագահը հրաժարվում է կատարել օրենքով իրեն վերապահված լիազորությունը: Դրա փոխարեն սկսեցին գտնել այն խնդիրները, որոնցով նախորդ իշխանության տարբեր խմբերները դեմ են ներկա իշխանություններից՝ Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար, դատարաններ եւ այլն: Այդ հարցերով փորձեցին «ցավացնել» կառավարությանը: Ստացվեց, որ Հանրային խորհրդի նախագահը դեմ է կառավարության պաշտոնական օրակարգին»:

 

Մեր հարցին՝ արդյոք Հանրային խորհրդի աշխատանքի ոչ արդյունավետ լինելը միայն Վազգեն Մանուկյանո՞վ է պայմանավորված՝ Սաֆարյանը դրական պատասխան տվեց.

 

«Եթե անձը ցանկանում է աշխատացնել էդ կառույցը, կառույցը կաշխատի: Հազար ու մի խնդիր կա, որտեղ իսկապես հասարակության կարծիքը վեր հանելու մեխանիզմ կա: Մինչ այժմ հասկանալի չի՝ էս քառասունից ավելի հոգին ոնց են ներկայացնում հանրությանը: Ո՞նց ենք ներկայացնում. հարցո՞ւմ ենք անում, ի՞նչ ենք անում, ուղղակի մեզ դրել ենք հանրության ներկայացուցիրչների տե՞ղը եւ ում խելքին ինչ փչի՝ խոսո՞ւմ է: Ես չեմ տեսել, որ մենք որեւէ խնդրի վերաբերյալ գեղեցիկ առաջարկ կազմենք ու ներկայացնենք կառավարությանը, ասենք հանրությունը այսպես է տեսնում լուծումը: Դրա համար էլ ոչ հանրությունն է հասկանում էդ մարմնի դերը, ոչ մենք ենք հասկանում՝ լինելով այդ մարմնի անդամ, ու կարծիք է ձեւավորվում, որ անպիտան կառույց է: Ամեն կառույց կարելի է չաշխատեցնել եւ այն կվերածվի անպիտան կառույցի»:

 

Երեկ հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին, թե եղե՞լ է նման բան, որ վարչապետն առաջարկի Արցախի հարցի վերաբերյալ հասարակության մոտեցումը ճշտել՝ Վազգեն Մանուկյանն այսպես պատասխանեց.

 

«Երբ որ ասվում է, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, եւ ես հասկանում եմ, որ դա հակասում է ընդհանուր մեր քաղաքականությանը, եւ ոնց կընկալվի ամբողջ աշխարհում, ես հոդված եմ գրում, որտեղ մանրամասն գրում եմ, թե իրականում ոնց է պետք անել: Ու ես գտնում եմ, որ դա տեղավորվում է Հանրային խորհրդի աշխատանքների մեջ»:

 

Շարունակելով արդարացնել իր վարքագիծը՝ Մանուկյանը հավելեց, որ վարչապետի առաջարկն իրականացնել կնշանակեր 0-ից սկսել քննարկումներ Ղարաբաղի հարցի շուրջ: Մանուկյանն ասաց, թե ավելի նեղ կազմով վարչապետի հետ հանդիպմանը ինքն ասել է, թե այդ հարցին արդեն պատասխանել է մեր ժողովուրդը՝ Արցախի պատերազմին մասնակցելով: 


 

Քաղաքականություն

Պատահարներ