Կարևոր է, որ գազի գինը չկոտրի Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկան. Փաշինյան

ՀՀ վարչապետը համոզված է` կարևորը ոչ թե սահմանին գազի գինն է, այլ այն, որով այն վերավաճառվում է հայաստանցի սպառողին։ Այս համատեքստում նա վստահում է ՌԴ–ի հետ գործընկերային հարաբերություններին։

 

 Կարևոր է, որ գազի գինը չկոտրի Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկան։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում։

 

Փաշինյանն նշել է, որ կողմերն այժմ զբաղված են գազի այնպիսի գնի հաշվարկմամբ, որը չի խոչընդոտի ՀՀ տնտեսական զարգացմանը։

«Որոշումը կլինի գործընկերային։ Այլ կերպ չի կարող լինել ու չպիտի լինի»,– ասել է նա։

 

Նրա խոսքով` կարևորը ոչ թե սահմանին գազի գինն է, այլ այն, որով այն վերավաճառվում է հայաստանցի սպառողին։ Փաշինյանը կարևորել է այնպիսի բանաձևերի մշակումը, որոնց արդյունքում արդյունավետ կլինի թե՛ «Գազպրոմ Արմենիայի» գործունեությունը, թե՛ գազի գինը։

 

«Կարծում եմ, դա ոչ միայն Հայաստանի նպատակն է, դա պետք է լինի նաև Ռուսաստանի նպատակը, որովհետև մենք խոսում ենք ԵԱՏՄ–ի մասին և ունենք միասնական տնտեսական համագործակցություն։ Երբ Ռուսաստանում տնտեսական խնդիրներ են առաջանում, դա մեզ շատ է անհանգստացնում։ Կարծում եմ ` նույն ընկալումն ունեն նաև մեր ռուսաստանցի գրծընկերները` ՌԴ նախագահը, վարչապետը»,– ասել է Փաշինյանը։

 

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև որ հնարավոր լինի գտնել գոնե մեկ բաղադրիչ, որը կօգնի կանխել գազի թանկացումը։

 

Փոխվարչապետը կարևորել էր նաև տարածաշրջանում էներգետիկ համակարգերի ինտեգրացիան ու ՀՀ–ՌԴ–Իրան  շրջանակում էներգետիկ համագործակցությունը։

 

2019 թվականի հունվարի 1–ից Հայաստանը սահմանին Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։

 

Քաղաքականություն

Պատահարներ