«Պատերազմը մեր քթի տակ է, իսկ մենք առավոտից իրիկուն դատավարություններով ենք զբաղվում». Արամ Սարգսյան

«Մեզ պետք չի, որ նախորդ իշխանությունների նման Հոկտեմբերի 27-ի գործով քաղաքական դատավարություն լինի», այսօր` Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 20 տարի անց, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը:

«Բայց դրա համար մեզ համապատասխան երկիր ու պետություն է պետք ունենալ, մենք պիտի հզոր պետություն ունենաք: Պատերազմը մեր քթի տակ է, մենք առավոտից իրիկուն դատավարություններով ենք զբաղվում : Էդ դատավարությունները կհամբերեն, պատեազմը չի համբերի, մենք լուրջ խնդիրներ ունենք, երկրի տնտեսության առումով, երիրի զարգացման առումով եւ իհարկե դատաիրավական համակարգի բարեփոխման առումով: Առանց այդ համակարգի բարեփոխման, որեւէ դատավարություն հույս չի ներշնչելու»,-ասել է նա:

Արամ Սարգսյանի խոսքով՝ ինքը շատ կցանկանար, որպեսզի ոճրագործությունից հետո տեղի ունեցած դատավարության ժամանակ բացահայտվեր գործը, սակայն չի բացահատվել, քանի որ քաղաքական ենթատեքստ է ունեցել։ «Որովհետեւ գործող իշխանությունն ասել էր` ուչաստկովիի գործ է, եւ ամեն ինչ անում էր, որ դատարանում իր դատախազով խնդիրը տաներ էդ 5-ի վրա ու ասեր` էս 5-ն են ու վերջ: Հիմա այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ Հայաստանի դատական համակարգը լուրջ պրոբլեմների մեջ է, մենք պրոբլեմ ունենք նաեւ Սահմանադրական դատարանում», ասել է նախկին վարչապետը:

Արամ Սարգսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ այս փուլում ինքը չէր ցանկանար, որ գործը վերաբացվեր:

«Իշխանություններն այդ առումով որեւէ խնդրում որեւէ կասկած չեն հարուցում, եւ միանշանակ է, որ շահագրգռված են գործի բացահայտմամբ: Գործն իսկապես քաղաքական է, եւ մի անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, որից տարբեր մարդիկ տարբեր նպատակներով դատավարությունն արագ անցկացրել են, եւ դրա հետեւանքով դատավարության արդյունքները չեն բավարարել որեւէ մեկին: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ այդ քաղաքական գործընթացներին հետեւում է նաեւ գլխավոր հանցագործը, որն իր մեկուսարանում հեռուստացույց ունի: Նա հետեւում է բոլոր քաղաքական գործընթացներին, ենթադրություններ, եզրակացություններ է անում, եւ ինչպես բանտում գտնվող ցանկացած անձ, որը մտածում է օր առաջ դուրս գալ այդտեղից, կարող է տարբեր վարկածներ մտածել, թե որը շահեկան կլինի իր համար»,- ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը:

Արամ Սարգսյանի կարծիքով` Նաիրի Հունանյանը ամեն ինչի ընդունակ է եւ իմանալով, որ իր կողքի խցում նստած է ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարող է փորձել օգտվել այդ հանգամանքից, բաներ ասի, որ կարող են եւ ճշմարտություն լինել, բայց կարող են շահեկան վիճակում հայտնվելու նպատակ հետապնդել:

«Ես կարծում եմ, որ Հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակներում, երբ դատաիրավական համակարգն ամբողջությամբ ձեւավորված կլինի, երբ կունենանք հանրային լուրջ վստահություն, երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի: Մենք պետք է մտածենք մեր երկրի տնտեսության , բանակի ամրության մասին, ինչ-որ առումով դատավարությունների խնդիրը թողնելով դրանից հետո, երբ որ ուժեղ պետություն կլինենք, նոր էդ ժամանակ, կարող ենք ստուգել արտաքին քաղաքական վարկածը: Ես չեմ կարծում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը կարող է արտաքին քաղաքական վարկածը ստուգել այն պարագայում, երբ այսօր Ռուսաստանի նախագահը գալիս է Հայաստան եւ ուզում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, կամ Ռուսաստանի դեսպանատանը հանդիպում է Քոչարյանի կնոջը, կամ իրենց իշխանություններն ամեն կերպ աջակցում են երկրում բազմաթիվ մեղադրանքների համար մեղադրվող Քոչարյանին: Հոկտեմբերի 27-ի վերաբացումը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ, ինչին ես կատերգորիկ դեմ եմ»,-ասել է Արամ Սարգսյանը` նշելով, որ իրենց միայն արդարադատություն է պետք:

 

Պատահարներ