Թրամփը Թուրքիային և քրդերին համեմատել է բակում կռվող երեխաների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային և Սիրիայի քրդերին համեմատել է բակում կռվող երեխաների հետ, որոնց բաժանում է Վաշինգտոնը:
«Նրանք կարծես երեխաներ լինեն, որոնք կռվում են բակում: Դու թույլ ես տալիս նրանց 1 րոպե կռվել, հետո բաժանում ես նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում:
Թրամփը խոսել է նաև Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը դադարեցնելու վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին:
«Բավականին հեշտ էր նրանց հետ գործարքի գնալը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»: