Բաբաջանյանը խիստ կարևորում է հոկտեմբերի 27-ի դեպքերի իրական ու ամբողջական բացահայտումը

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 1991-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտման համար կարևորում է թե Ազգային ժողովի, թե նոր իշխանության կողմից համապատասխան պայմանների ապահովումը:  Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

 

«Հոկտեմբերի 27-ի հետևանքները չենք հաղթահարվել մինչև օրս, քանի որ այդ օրվա ոճրագործությունը մեր պետության վրա թողել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական լրջագույն ազդեցություններ: Դրանք չեն հաղթահարվել, քանի որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականում չի բացահայտվել: Մենք որպես նոր Հայաստանի ԱԺ-ի պատգամավորներ, որպես նոր Հայաստանի օրենսդիր իշխանություն, քաղաքական ու բարոյական պարտք ունենք հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի առաջ:

 Մենք պետք է կարողանանք երկրի զարգացման ընթացքը վերադարձնել այն հանգրվանին, որում այն կանգ է առել հոկտեմբերի 27-ի դավադիր կրակոցներով: Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք ապահովել պայմաններ՝ հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտման համար»,-ասաց Բաբաջանյանը:

 

Նրա կարծիքով՝ ցավոք այդ խնդիրն անգամ ձևակերպված չէ Հայաստանի քաղաքական օրակարգում: Բաբաջանյանի համոզմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է ցուցաբերել համապատասխան ու համարժեք քաղաքական կամք ու հանձնառություն՝ ձեռնամուխ լինելու հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտմանը: Նա նշեց՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի մտածել Հայաստանի զարգացման ու առաջընթացի մասին:

 

1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ,այդ թվում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ