Կաթողիկոսը հանդիպել է Վրաստանի վարչապետին
Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ ուղեկցությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի։
Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Հայոց Հայրապետը շնորհավորեց տիար Գեորգի Գախարիային վարչապետի կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այցը կնպաստի հայ-վրացական դարավոր բարեկամության առավել զորացմանը:
Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, որոնք հարուստ են փոխօգնության, զորակցության և միասնական պայքարի բազում վկայություններով՝ հաստատելով, որ դրանք այն ամուր հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցվի և հաստատվի երկու երկրների գործակցությունը: Հայոց Հովվապետը փաստեց, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, որոնց շնորհիվ հաղթահարվել են բազում փորձություններ ու դժվարություններ:
Նորին Սրբությունը խոսեց նաև Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների կարևոր դերակատարության մասին ազգային ինքնության և մշակույթի պահպանության, հայ և վրաց ժողովուրդների համախմբման և պետականաշինության գործում: Իր հերթին վարչապետ Գեորգի Գախարիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եղբայրական ողջույնները` համոզում արտահայտելով, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը հիմնված է եկեղեցական սերտ հարաբերությունների վրա:
Վարչապետն ընդգծեց, որ Եկեղեցին մշտապես ունեցել է իր կենսական և պետականաշինական նշանակությունը և շարունակելու է այդպիսին մնալ: Անդրադառնալով այցի արդյունքներին` պրն. Գախարիան հավաստիացրեց, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...