Մթերվել է մոտ խաղողի 160 հազար տոննա. սա լավ ցուցանիշ է. կառավարություն

Այսօր արձանագրեցի, որ խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք եւ ուշադրության էր արժանի այն, որ այս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ասաց, որ սա հիշարժան հանգամանք է. «Չեմ հիշում այդպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում, կառավարությունը, այսպես ասած, սթրեսային ու ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Մեզ բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ: 

 

Սա կապված է այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկել ենք անցյալ տարվանից՝ ՊԵԿ-ի միջոցով: Հույս ունեմ՝ գտել ենք ձեւը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց վարչապետը եւ նշեց, որ դա դրական արդյունք է:

 

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման տվյալներ ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշների համար։ Այդուհանդերձ, նա նշեց, որ սրանք նախնական թվեր ենք, դեռ պետք է ճշգրտվեն: Ավանեսյանը տեղեկացրեց նաեւ, որ կոնյակի համար մթերվող խաղողի գինը 150-155 դրամ է, որը փոքր-ինչ բարձր է անցած տարվա գնից: «Սրանք հուսադրող ցուցանիշներ են»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ դեռ պետք է գինու խաղող մթերվի։

 

 

Վարչապետը նշեց, որ գինու խաղողը սովորաբար ավելի բարձր գնով է մթերվում: Փաշինյանը նաեւ նշեց, որ իրեն մտահոգություններ են հասել, որ խաղողի մթերումների եւ ընդհանրապես ներկայացվող վիճակագրությունն այնքան էլ իրական չ.: «Դա որոշակիորեն կապած է նախկինում եղած մեխանիզմների հետ: Մեր վիճակագրության մեթոդաբանության աղբյուրների հետ կապված մեծ աշխատանք ունենք տանելու»:

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն էլ ասաց, որ խաղողի մթերումների վիճակագրություն չի վարվել, եւ իրենք հավաքագրում են արտադրված գյուղմթերքը:

 

Վարչապետը հետաքրքրվեց այգիների հաշվառմամբ եւ ասաց, որ շան գլուխն այդտեղ է թաղված, ինչին ի պատասխան Մնացականյանն ասաց, որ ընթացիկ հաշվառումներ իրականացնում են համայնքապետարանների կողմից:

 

Քաղաքականություն