ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոր սպանությունից հետո Խաչատուրյան քույրերի կողմից ոստիկանություն կատարած զանգը հրապարակվել է
Համացանցում է հայտնվել հոր սպանությունից անմիջապես հետո Խաչատուրյան քույրերի կողմից ոստիկանություն կատարած զանգի ձայնագրությունը, որը հրապարակել է «Life»-ը:
Հեռախոսազրույցի ժամանակ աղջիկը ներկայանում է Անգելինա անունով եւ հայտնում, որ իրենց հայրը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:
«Նա հանգստացնող հաբեր ունի, սակայն շատ է դրանք օգտագործել… Ես իմ երկու քույրերի հետ եմ: Մեկը 19 տարեկան է, մյուսը՝ 17»,- ասում է նա:
Բացի այդ, աղջիկը պատմում է, որ հայրը դանակով հարձակվել է իրենց վրա: Հեռախոսազրույցի ընթացքում աղջիկը լացելով է խոսում:
«Նա ձեզ վրա դանակո՞վ է հարձակվել, այո՞»,- հարցնում են ոստիկանությունում:
«Այո»,- պատասխանում է նա:
«Կոնկրետ ո՞վ է դանակով սպանել նրան»,- հստակեցնող հարց են ուղղում ոստիկանությունում:
«Ես»,- պատասխանում է աղջիկը:
Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսի 27-ին Քրիստինա, Անգելինա եւ Մարիա քույրերը սպանել են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին:
Աղջիկները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել իրենց հորը: Նրանք հետագայում հայտարարել են, որ չեն կարողացել հանդուրժել ծնողի ծաղրական վերաբերմունքը: Հետմահու հոգեբանական փորձաքննությունը վկայում է Միխայիլ Խաչատուրյանի մոտ շեղումների մասին: