Գրիգորյանը օրական ռեժիմով անզեն աչքով երևացող վատթարանում է․ պաշտպան
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր էլ հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը ներկա չէր նիստին: Տեղեկանք էր ստացվել «Նաիրի» ԲԿ-ից, որ ամբաստանյալն առողջական խնդիրների պատճառով չի կարող տեղափոխվել դատարան: Բացի այդ, պաշտպանական կողմից դատարանին ներկայացվել էր ֆրանսերենով տեղեկանք բժշկական փորձաքննության արդյունքների մասին: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն արեց.
«Տեղյա՞կ է արդյոք դատարանը, որ Մանվել Գրիգորյանի առողջությունը օրական ռեժիմով անզեն աչքով երևացող վատթարանում է: Ոտքերի և ձեռքերի անզգայացումը հասնում է հարյուր տոկոսի: Գտնվելով կալանքի տակ` օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է ստանում, մարսողական օրգաններն արգելակված են, նա գտնվում է նարկոզի տակ, դատարանը նրան ենթարկում է տոտալ խոշտանգման, թեև շաքարային դիաբետն ու քաղցկեղը գտնվում են կոմպենսացիայի փուլում, սակայն գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություները:Ամբողջ մարմինն այտուցված է, այտուցը հասել է ձայնալարարերին: Նա չի կարողանում խոոսել: Մանվել Գրիգորյանն այլևս էն չէ, որ վերջին անգամ ներկայացել էր դատարան: Մեր ձեռքի տակ են մեկ տասնյակից ավելի բժշկական տեղեկանքներ: Կալանքը չփոխելը մենք գնահատում ենք անօրինական և խոշտանգում նրա նկատմամբ: Գրիգորյանի առողջության հետագա վատարացումը մենք թողնում ենք դատարանի պատասխանատվությանը: Միջնորդում ենք կալանքը փոխել գրավով և գրավի գումարը սահմանել 5 մլն դրամ»,- ասել են պաշտպանները:
Պետական մեղադրող Վահե Դոլմազյանն էլ նկատեց, որ Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում Հայաստանի լավագույն բժշկական հաստատություններից մեկում, նա 24 ժամ հսկվում է բժիշկների կողմից, չկա որևէ բժշկական հիմնավորում այն մասին, որ կալանքը խոչընդոտում է նրա բուժման ընթացքին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կհապարակվի ժ. 13.30-ին: