Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի
Դատարանն ամբողջությամբ բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի:
Հուլիսի 24-ից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործով նիստը:
Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:
«Ես դատարան չէի դիմի, եթե 1 տոկոս կասկած լիներ, որ չեմ շահի: Ես օրենքով եմ նշանակվել, անօրեն ազատվել»,- ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում ասել էր Օրբելյանը:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանը մարտի 29-ին ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՊՈԱԿ-ների մասին օրենքի՝ նա չի կարող միաժամանակ զբաղեցնել թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ղարիբյանի կողմից հրամանը ստորագրելու հաջորդ օրը Օպերային թատրոնի անձնակազմը բողոքի ցույց էր արել, որից հետո հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նիկոլ Փաշինյանից որեւէ արձագանք չստանալով՝ Օրբելյանը դիմել էր դատարան: