Ալեքսիս Օհանյանը կատակելով պատմում է իր «օգտագործած» ֆեյքերի մասին

«Ընդհանրապես ես պետք է դառնայի իրավաբան»։ Սրանք Ալեքսիս Օհանյանի խոսքերն են Երևանում անցկացվող WCIT կոնֆերանսի պանել-քննարկման ընթացքում։ Reddit ցանցի համահիմնադիրը, սակայն, պատմեց, որ մի օր հասկացել է, որ դա «իրենը չէ»։

 

Օհանյանը պատմեց, որ այդ ժամանակ ոչինչ չուներ, այդ թվում՝ բիզնես հմտություններ, բայց ուներ 12 հազար դոլարի չեկ ու այդ գումարը ներդրում արեց Reddit-ում։ Նրա խոսքով՝ դա մի նախաձեռնություն էր, որի վրա աշխատում էին ոչ այնքան փորձառու, բայց շատ ամբիցիոզ մարդիկ, ու դրանից սկսվեց հաջողությունը։

 

Քիմ Քարդաշյանն իր հերթին ներկայացրեց ներքնաշորերի իր նոր հավաքածուն։ Նա ասաց, որ ընդհանրապես այդ տիպի արտադրանքը լինում է երկու գույնի՝ բաց մարմնագույն ու սև։ Քարդաշյանն ասաց, որ ինքը, իր հարազատները կարիք ունեին նոր գույների, և ինքը ստեղծեց դրանք՝ բոլոր գույներով, բոլոր գույների մաշկ ունեցողների համար։

 

Նրա խոսքը շարունակեց Giffy կայքի հիմնադիր Ալեքս Չանգը։ Նա պատմեց, որ իր ապրանքը՝ կայքը, ստեղծել է նույնպես հարազատների կարիքների բավարարման համար։ Չանգը պատմեց, որ իր մայրը չի կարողանում անգլերեն խոսել, բայց արտահայտվել պետք է։ Դրա համար նա որոշել է ստեղծել gif-երի հավաքածու-կայքը, որից օգտվողները խոսում են հույզերի լեզվով՝ իրար ուղարկելով այդ շարժանկարները։

 

Չանգը նշեց, որ հիմա իրենք որոնումների տեսանկյունից երկրորդ ամենախոշոր ցանցն են Google-ից հետո։ Կայքի հիմնադրի խոսքերով՝ եթե Google-ում մարդիկ փնտրում են ինֆորմացիա ու նորություններ, ապա իրենց մոտ փնտրում են հույզեր․ մի բան, որ նախորդ որոնումների համակարգերից ոչ մեկը չէր ներառել։

 

Picsart ընկերության տնօրենը նույնպես միացավ քննարկմանը՝ նշելով, որ իր ապրանքանիշը ստեղծելու համար հիմք են եղել դստեր արցունքները։ Հովհաննես Ավոյանը պատմեց, որ երբ դուստրը մի անգամ լուսանկար է հրապարակել սոցցանցերից մեկում, նրան ձեռք են առել։ Ավոյանը որոշել է ստեղծել մի միջոց, որով կարելի է ստեղծագործել, մշակել լուսանկարները և դրանք հրապարակել նույն կերպ վարվող մարդկանց շրջանում՝ դրական տրամադրված մարդկանց միջավայրում։

 

Ընկերությունը, ըստ հիմնադրի, հիմա առաջատարն է լուսանկարների մոբայլ մշակման ոլորտում, և իրենց հաջորդ նպատակակետը 1 միլիարդ օգտվողների թվին հասնելն է։

 

WCIT համաժողովի ժամանակ Քիմ Քարդաշյանը և Ալեքսիս Օհանյանը պատմում էին իրենց բիզնեսների զարգացման վաղ փուլերի մասին, ու այդտեղ Reddit ցանցի համահիմնադիր Օհանյանը ուշագրավ պատմություն պատմեց իր «պահած» ֆեյքերի մասին։

 

Ալեքսիս Օհանյանը ներկայացրեց Reddit ցանցի վաղ շրջանը՝ 2005 թվականը։

 

«Reddit-ում բոլորը ունեն օգտանուններ։ Եվ եթե դուք տեսել եք այնտեղի առաջին մոտ 4 ամիսների գրառումները, եթե նույնիսկ այնտեղ երևում է, որ մեծ թվով մարդիկ են գրառումներ կատարել, այդ բոլորն ուղղակի ես էի գրում՝ տարբեր անուններով»,- ժպիտը դեմքին հիշեց Օհանյանը։

 

Ապա նա շարունակեց կատակն ու ասաց, որ հիմա այնտեղ մեծ մասը իրական մարդիկ են, ֆեյքերը քիչ են։