Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Մարալիկի մանկապարտեզի բացման արարողությանը

ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ին Մարալիկ քաղաքում ներկա է գտնվել համայնքի միակ մանկապարտեզի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են առաջին տիկնոջ գրասենյակից: 

 

Տոնական միջոցառմանը, որը մեկնարկել է Մարալիկի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Հակոբյանի օրհնությամբ, ներկա են գտնվել շվեյցարահայ գործարար, հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ, «Ազատ դեղագործական» ընկերության նախագահ Մայք Բարոնյանը, տիկնոջ՝ Ռոմի Բարոնյանի հետ, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, շվեյցարահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մանկապարտեզի սաները և նրանց ծնողները։ Մանկապարտեզի վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է Մայք և Ռոմի Բարոնյանների նախաձեռնությամբ, «Օգնություն Հայաստանին» շվեյցարական հիմնադրամի նախագահ Ռոլեր Նեֆի, շվեյցարահայ գործարար, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշի աջակցությամբ։

 

Ողջույնի խոսքում Ռոմի Բարոնյանը հիշում է, որ երբ 2018-ին առաջին անգամ այցելել է Մարալիկ՝ մանկապարտեզը փակ էր։

 

«Շատ ցուրտ էր, և երեխաները պետք է ձմռանը տանը մնային, և չնայած արևոտ օր էր, մանկապարտեզի շենքը շատ անմխիթար տեսք ուներ։ Ես այնքան հուզված էի, որ որոշեցի այստեղ մի նախագիծ սկսել։ «Օգնություն Հայաստանին» հիմնադրամը միանգամից համաձայնվեց աջակցել, և Մարալիկի համայնքապետարանը նույնպես համաձայնվեց, որ մենք վերանորոգենք մանկապարտեզը։ Եվ մենք աշխատանքները սկսեցին նույն թվականի հունիսին։ Բոլորն էլ հրաշալի աշխատանք են կատարել, և մենք ուրախ ենք այդ աշխատանքի արդյունքներով»,- ասաց Ռոմի Բարոնյանը։

Տոնական միջոցառման ժամանակ Անի համայնքի ավագանու որոշմամբ պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Մայք Բարոնյանին։ Մեկ այլ որոշմամբ՝ Մարալիկի մանկապարտեզը վերանվանվել է Ռոմի Բարոնյանի անունով։ Մանկապարտեզի բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են մանկապարտեզով, ծանոթացել կատարված աշխատանքներին։

 

Վերանորոգման արդյունքում մանկապարտեզն ամբողջովին վերակառուցվել է, շենքում ներքին կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, կահավորվել է բակն ու թարմացվել է գույքը։

 

Նախկինում մանկապարտեզ հաճախում էր 50 երեխա, վերակառուցումից հետո մանկապարտեզ կհաճախի արդեն 120 երեխա։