Փաշինյանն ու Ռոհանին հանդիպել և զրուցել են տնտեսական կապերի զարգացման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը նշել է, որ սա Իրանի նախագահի առաջին այցն է Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, և Հայաստանում մեծ կարևորություն են տալիս հարևան և բարեկամ երկրների հետ հարաբերություններին։ Կարևորվել է պարբերաբար գումարվող երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերի գործունեությունը, որի արդյունքում ձեռք են բերվում տնտեսական կապերի զարգացմանը միտված պայմանավորվածություններ:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար.
«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունունների զարգացումը և ընդլայնումը՝ որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները՝ նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ- էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարծաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զագացմամբ»:
Հասան Ռոհանիի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:
Կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հասան Ռոհանին ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել: Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: