Պողոս Պողոսյանի սպանության գործով՝ նոր հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել
Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երեւան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:
Երեւան քաղաքի դատախազությունում փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 25.09.2001թ. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով:
Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս եւ ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջեւ տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետեւի մասով հարվածվել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:
Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսեւորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել նշված հոդվածով եւ դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն թողնվել է առանց քննության: Երեւան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը եւ դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարությունը:
Պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, քան այն, ինչը հաստատված է համարվել քրեական գործի քննությամբ: Մասնավորապես տեղեկություններն առերեւույթ վկայում են այն մաիսն, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի եւ գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ եւ խուլիգանական դրդումներով:
Այսինքն առերեւույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք գործով մինչ այդ պարզված հանգամանքների հետ համակցությամբ կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերեւույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերեւույթ վկայում են հանցանքի կատարմանը նաեւ այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Նշված հանգամանքների մասին հայտնի չի եղել քրեական գործի քննության ընթացքում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ նյութի սկզբնաղբյուրում: