«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցվորը պահանջում է պատգամավորին պարտավորեցնել՝ հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար գումար փոխհատուցել եւ և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել:
Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 24-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին:
«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Ինգա Սարաֆյանը մեր զրույցում չասաց, թե որն է հայցի հիմքն ու առարկան:
Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ տեղյակ է հայդացիմումից. «Հայցի պատճառն այն է, որ ես Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ իբրեւ թե հայտարարել եմ, որ նրանք լիցենզիան կոռուպցիոն ճանապարհով են ստացել»:
Հարցին՝ նման բան հայտարարե՞լ է ինքը, Բագրատյանը պատասխանեց. «Չէ, Ամուլսարի հարցի հետ կապված քննարկման ժամանակ մի քաղաքացի ինձ գրություն ուղարկեց հարցնելով, թե ինչպե՞ս է ստացվել, որ բազմաթիվ հանքավայրեր, որոնք վնասակար են՝ լիցենզիա են ստացել, ես պատասխանեցի, որ իշխանությունների կոռուպցիոն համաձայնագրերի շրջանակում»
Հարցին՝ այդ հանքավայրերի մեջ մտնում է նաեւ Ամուլսա՞րը, Բագրատյանը պատասխանեց. «Եթե իրենք ենթադրում են, որ դա իրենց էլ է վերաբերվում եւ իրենց ներկայացուցիչը այդ իմաստով է դատի տվել, ենթադրում եմ, որ իրենք էլ այդ ռիսկերի մեջ, դրա համար էլ դատի են տվել: Իմ ասածը վերաբերվում էր օրինակ՝ Սիլվա Համբարձումյանի հայտարարած լիցենզիաների մասին: Եթե իրենք կարծում են, որ դա իրենց է վերաբերվում՝ դա արդեն իրենց որոշումն է»:
Անդրադառնալով հարցին, եթե դատարանը հայցադիմումն ընդունի, ապացույցներ ներկայացնելո՞ւ է, Բագրատյանը պատասխանեց. «Իրենք պետք է ապացուցեն: Ես ապացուցելու բան չունեմ: Ես մեջբերում եմ մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, Սիլվա Համբարձումյանի հետ կապված նյութերը, արդեն դատարանը կորոշի՝ դա որակե՞լ, որպես զրպարտություն, թե՝ ոչ»: