Փաշինյանը երբ մի բան ուզում է ասել, ուղիղ ասում է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունում լարվածություն չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև «փոխհրաձգությանը»։

«Կան իրավապահ մարմիններ, որոնք գիտեն եւ գիտակցում են, որ գործում են օրենքի շրջանակներում»,– նշեց նա։

 

Արթուր Վանեցյանի կոշտ հայտարարության առնչությամբ Ալեն Սիմոնյանը նշեց. «Բացասական եմ գնահատում եւ համարում եմ, որ սպան, որն իր տեքստն ավարտում է «պատիվ ունեմ» արտահայտությամբ, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատեւ լավ հարաբերություններ, շփում՝  ինքն իրեն պետք է թույլ չտա նման ձեւով, նման ոճով  աշխատել, արձագանքել։ Առավել եւս՝ նման պաշտոն զբաղեցրած անձը պետք է դա շատ լավ գիտակցի»։

 

Ալեն Սիմոնյանը նշեց՝ Արթուր Վանեցյանը թեկուզ իր ընկերն է, ինքն անընդունելի է համարում նման արձագանքը. «Իհարկե, ես անընդունելի եմ համարում: Բացի իմ բազմաթիվ ընկերներից, որոնց ես ունեմ ՀՀ-ում, ես ունեմ իմ ամենամեծ ու ամենակարեւոր ընկերը, որը իմ քաղաքական թիմն է: Նույնիսկ երբ իմ ընկերը սխալ է անում, ես ճիշտ եմ համարում իմ ընկերոջը դրա մասին ասել»:

 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ասե՞լ է Վանեցյանին, որ ինքը սխալ է անում, որին նա պատասխանեց. «Ես շփում չեմ ունեցել, իր՝ պաշտոնի նշանակվելուց հետո շփվել ենք հազվադեպ, ամենալավ առիթը ֆուտբոլներն են եղել»։

 

Վանեցյանի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը իր մոտ մարդ է ուղարկում, որ ինքը լռի որոշ ժամանակով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.  «Ես Նիկոլ Փաշինյանին 10 տարի է ճանաչում եմ, երբ նա մի բան ուզում է ասել, ուղիղ ասում է»։

 

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Վանեցյանը կարող էր ինչ-որ դավադրությունների մեջ ներգրավված լինել, ԱԺ փոխնախագահն ասաց. «ՀՀ-ում հեղաշրջում կամ դավադրություն կազմակերպել այսօր դա խելագարության կանխավարկածից բխող մի բան է, որովհետեւ ՀՀ-ում կա ժողովրդավարության ամենաբարձր աստիճանը, որը երբեւիցե եղել է: Դա աբսուրդ է: Նույն տրամաբանությամբ կարելի է քարով տանկին խփել»:

Իսկ Վանեցյանի կողմից հնարավոր հայտարարությունների մասին հարցին նա պատասխանեց.  «Իր գործն է, բայց ամեն ասված բան վնասելու է հենց սպային, որը «պատիվ ունի»»։

Քաղաքականություն