70 միլիոն եվրո՝ ՀՀ տնտեսության զարգացման համար

Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ: Պաշտոնական արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան և այլք: 

 

«Եվրոպական Միությունը Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման հիմնական գործընկերն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալը: «ԵՄ-ն հպարտ է ավելացնել մի նոր նորարարական գործիք՝ Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման ողջ ներուժը գործարկելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց շոշափելի օգուտներ ապահովելու համար։ Մենք համոզված ենք, որ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը կնպաստի Հայաստանի տնտեսության աճին և մրցունակության բարձրացմանը, կներգրավի օտարերկրյա ուղղակի ներդրումներ և կխթանի նորարարությունների հետագա զարգացումը՝ Հայաստանի ներուժի շնորհիվ»,- ընդգծեց տիկին Մատերնովան։ 

 

ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն նշեց, որ Հայաստանը ձեռնարկատիրության բնագավառում խոսուն պատմություն և հսկայական ներուժ ունի։ «Մենք ուրախ ենք աջակցելու այս մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի մեկնարկին, որը կխթանի ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսավորման հնարավորությունների դիվերսիֆիկացումը։ Այս ծրագիրը կնպաստի նաև ներդրումային միջավայրի բարելավմանը և ընդհանուր տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Երախտապարտ ենք մեր վաղեմի գործընկերոջը՝ ԵՄ-ին, այս ծրագրին մեծապես աջակցելու համար», - Մատեո Պատրոնեն։

 

ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցելու «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի» մեկնարկին: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: 

 

Ֆոնդը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ՝ դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել ստեղծելու նպատակով՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտներում:    

Ֆոնդի նպատակն է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների միջոցով բարելավել շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ նաև կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը: 

Նախաձեռնությունը նաև ներառելու է ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում տեղական ձեռնարկություններին կարողությունների զարգացման խորհրդատվության տրամադրում՝ զարգացնելու ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և խթանելու ՓՄՁ մրցունակությունը: