Նման հայտարարություններից հետո մեզ մոտ թող տագնապ չսկսի․ Էլիբեգովան՝ Հասանովի հայտարարության մասին
Պետք է հասկանալ, որ Զաքիր Հասանովը ադրբեջանական քարոզչության, ռազմական էլիտայի հռետորաբանության բառապաշարից դուրս բան չի ասել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ «Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում» հայտարարությանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտության պատասխանն էր:
Էլիբեգովայի խոսքով՝ տարվա ընթացքում բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ են արվում և՛ Հասանովի, և՛ նախագահ Իլհամ Ալիևի, և՛ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողմից: «Վերջինս, որպես կին, կարծես թե կոչված պետք է լիներ քարոզել խաղաղություն, բայց անընդհատ իրենց բանակի ուժի և պատրաստակամության մասին է խոսում»,-նշեց Անժելա Էլիբեգովան:
Անդրադառնալով բուն հայտարարությանը՝ ադրբեջանագետն ասաց. «Այն սպասելի էր, որովհետև, երբ հայկական կամ ադրբեջանական կողմն իր դիրքորոշումն է հստակեցնում որևէ հարցի շուրջ, հակառակորդ կողմը պետք է սրի իր հռետորաբանությունը և պատասխանի նույնքան կոշտ: Զաքիր Հասանովին էլ իր հերթին պատասխանեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, թե «երազելը լավ բան է»»:
Էլիբեգովայի խոսքով՝ այս ու նմանատիպ հայտարարությունները քաղաքական են, ուղղված են և՛ ներքին, և՛ հակառակորդի լսարանին՝ տագնապ հաղորդելու համար:
«Շատ կարևոր է, որ նման հայտարարություններից հետո մեզ մոտ տագնապ չսկսի, բայց պահպանենք զգոնությունը՝ հասկանալով, որ սպառնալիքը ցանկացած պահի կարող է դառնալ իրականություն, առավել ևս՝ երբ Ադրբեջանը մեկը մյուսի ետևից անցկացնում է լայնամասշտաբ զորավարժություններ և չի թաքցնում զենքի գնումներն, ու, առհասարակ, իր գործողությունները»,-ասաց Անժելա Էլիբեգովան՝ ընդգծելով, որ նման իրավիճակ մենք ունեցել ենք Ապրիլյան պատերազմից առաջ, երբ սպառնալիքները վերածվեցին ռազմական գործողությունների, և այդ նույն տրամաբանությամբ, դա ցանկացած պահի կարող է կրկնվել և սպասելի է:
Հարցին՝ այդ դեպքում ո՞ւր մնացին հայկական կողմի՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հայտարարությունները, ադրբեջանագետը պատասխանեց. «Խաղաղությունից խոսել միշտ է պետք, որովհետև դրա մասին չխոսելը նշանակում է, որ դու դուրս ես գալիս խաղաղությանը հասնելու փորձերի պրոցեսից: Կա հարցի ձևական կողմ և դառը իրականություն, որին մենք պետք է պատրաստ լինենք: Այսինքն՝ իլյուզիաներ կամ ինչ-որ հույսեր կապել, որ Ադրբեջանը պետք է ինչ-որ պահի դադարի դա անել, չի լինելու: Պետք է պարզապես ռեալ գնահատել իրավիճակն ու ինչ-որ դեպքերում նաև լինել նախահարձակ»:
Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ խաղաղությունից խոսում է նաև ադրբեջանական կողմը, բայց իր առաջադրած պայմաններով:
«Իրենք ունեն հստակ դիրքորոշում, ասում են՝ խաղաղության մասին չեն կարող խոսել, մինչև Հայաստանը իր զորքերը դուրս չբերի Ղարաբաղի տարածքից ու մի քանի այլ պայմաններ չկատարի: Ի սկզբանե, և՛ նախագահի աշխատակազմի մակարդակով, և՛ ավելի ցածր մակարդակով իրենք այդ մեսիջը տվել են, դա իրենց պաշտոնական դիրքորոշումն է»,-մեկնաբանեց ադրբեջանագետը՝ նշելով նաև, որ, իհարկե, այդ պայմանները որևէ մեկը չի պատրաստվում կատարել:
«Խաղաղասիրական այդ պրոցեսն իմիտացիա է և՛ մեր, և՛ Ադրբեջանի կողմից, այլ հարց է, որ ադրբեջանական հասարակությունը այդ իմիտացիայի մասը չի կազմում, իսկ մեզ մոտ տարբեր շրջանակներ իրենց մանկամիտ հույսերով, իլյուզիաներով ակտիվորեն հայտարարում են, թե կարող է ինչ-որ պահի ստացվի ադրբեջանական հասարակության հետ հայտարարի գալ՝ Արցախի հարցով: Չի ստացվելու. եթե ստացվեր, վերջին 30 տարվա ընթացքում կամ դարասկզբին կստացվեր»,-ամփոփեց Անժելա Էլիբեգովան:
Նմանատիպ հոդվածներ
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...