Հայտնի է, թե որ օբյեկտն է 4 անգամ էժան գնով սեփականաշնորհել Միքայել Մինասյան. armdaily.am

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Միքայել Մինասյանի և Սերժ Սարգսյանի կողմից անօրինական արված գործողություններին իրավական գնահատական տալու մասին հարցին նշեց. «Սերժ Սարգսյանի վերաբերյալ, Միքայել Մինասյանի վերաբերյալ հայտարարություններ են եղել և ես այդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որոշ քրեական գործերով որ քննությունը արդեն հասել է իրեն և շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորման գործում և ենթադրում եմ, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը կձերբակալվի և որոշել են նախապես հայտարարեն, որ ինքը և Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալ են։

 

Ստրատեգիական նշանակության օբյեկտ է սեփականաշնորհվել և 2-3 ամիս է կառավարությունում փնտրում ենք դրա իրավական հիմքերը, չենք կարողանում գտնել։ Խոսքը Լոռու մարզում գտնվող շատ կարևոր նշանակության օբյեկտի մասին է, որի մասին գործ է հարուցվել»։

Սակայն Փաշինյանը չմանրամասնեց, թե ո՞ր օբյեկտի մասին է խոսքը։

Խոսքը «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման մասին է։ 

 

Ինչպես հայտնում է armdaily.am-ը`  մայիսին Գլխավոր դատախազությունը նշված օբյեկտի մասին հաղորդագրություն էր տարածել, ու այն օտարվել է 4 անգամ ցածր գնով, հարուցվել է քրեական գործ։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր. «Ուսումնասիրության և դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կառավարության 2001 թվականի մայիսի համապատասխան որոշմամբ Էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ 1 մլն 840 հազար դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002-ի հունվարին Կառավարության որոշմամբ վերապահվել են Պաշտպանության նախարարությանը: Ստացված տվյալների համաձայն՝ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն գործել է շահույթով՝ 2006-2010 թվականներին առաքելով շուրջ 251 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից Պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 1 մլրդ 252 մլն դրամ շահութաբաժին՝ զուտ շահույթից։

«Առանց շահույթի աշխատող ընկերությունը շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թ. փետրվարի 27-ին կայացված որոշմամբ վերանայվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը և առանց ԱԱՀ-ի 13.92 դրամի փոխարեն 2009թ. ապրիլի 1-ից սահմանվել ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Դա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ: Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից», - ասված է Դատախազության հաղորդագրությունում: - «Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ: Այնուհետև՝ խախտելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի որոշումներով սահմանված՝ անկախ գնահատողի կողմից անշարժ գույքը գնահատելու պահանջները՝ պետական մարմնի՝ նյութերի ընթացքով չպարզված պաշտոնատար անձանց կողմից, առանց գույքը գնահատելու, կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ: Դրա հիման վրա կառավարությունը 2010թ. դեկտեմբերի 16-ին ընդունած որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով օտարել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ ընդամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը»:

Մինչդեռ, շարունակում է Դատախազությունը, ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձորագետ Հիդրո»-ն նշված գործարքից հետո' 2011-2018 թվականներին, առաքել է շուրջ 700 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից հասույթը ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 14 միլիարդ դրամ: Իսկ «ՁորաՀԷԿ»-ի և «Ձորագետ Հիդրո»-ի կողմից 2003-2018 թվականներին առաքված էլեկտրաէներգիայի քանակները յուրաքանչյուր տարի համադրելի են և զգալի փոփոխությունների չեն ենթարկվել։ Ըստ այդմ, Պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի շուկայական արժեքը 2010-ի դեկտեմբերի դրությամբ կկազմեր շուրջ 8 միլիարդ, իսկ 2018-ի դեկտեմբերի դրությամբ' շուրջ 12 միլիարդ դրամ:

«Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են գործադիր մարմինների մի շարք ղեկավար աշխատողների և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական և խմբային շահից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով և պարտականությունները չկատարելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելով ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը»:

Քաղաքականություն