
Ձեր ասածը փիլիսոփայական է հնչում մի երկրում, որտեղ վարչապետի եւ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են․ վարչապետ

Վերջերս մի դեպք ունենք, որ հիմնադրամի տնօրենը գումարները հափշտակության եղանակով փոխանցել էր ամուսնու, մոր, դստեր հաշվեհամարներին, հետո նորից ստացել էր այդ գումարներն իր հաշվեհամարներին: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում քննարկվող մի օրինագծի, որով նախատեսվում է իրավապահներին հնարավորություն տալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալ ոչ միայն կասկածյալների եւ մեղադրյալների վերաբերյալ, այլեւ անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց հետ առնչություն ունեցողների:
Օրինագծի հետ կապված մտահոգություններ ուներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով նշեց,. «Սա չի արվում նրա համար, որ իրավապահ մարմինների գործը հեշտանա, գան հարակից տեղեկությունը վերցնեն: Իրավապահները պետք է աշխատեն ըստ սուբյեկտների, ոչ թե մի սուբյեկտով տեղեկատվական բուկետ վերցնեն ու սկսեն սարքել քրեական գործերի շարան»:
Վարչապետն էլ արձագանքեց. «Հիմա դուք ասում եք, որ եթե մենք A-ին գաղտնալսում ենք, պետք է ում նա զանգում է, ավտոմատ նրան չգաղտնալսե՞նք: Ամբողջ իմաստն այն է, որ իմանանք՝ ում է զանգում եւ ինչ է խոսում: Հակառակ դեպքում՝ հո գեղագիտական հաճույքի համար չե՞նք գաղտնալսում»:
Մհեր Գրիգորյանն ասաց. «Եթե մեկն ինձ զանգել է, որով հետաքրքրվում են իրավապահները, ի՞նչ իրավունք ունեն ինձ գաղտնալսեն: Եթե այն անձը, որի հետ ես խոսում եմ, նա նույնպես հետաքրքիր է դառնում իրավապահներին, պետք է գնան դատարաններով իրավունք ստանան նաեւ նրան գաղտնալսելու: Այս բոլոր գործերը կգնա եվրադատարան»:
Վարչապետ Փաշինյանը նկատեց. «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի եւ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում»: