ՈՒՂԻՂ․ Քայլերթ Երևանում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այս պահին քայլերթ են իրականացնում Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը։ Քայլերթը մեկնարկել է Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտվի Ազատության հրապարակում։ Կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ քայլերթի նպատակն է՝ -Զորակցություն Ջերմուկի մեր պայքարող հայերնակիցներին, -Մեր հստակ դիրքորոշման արտահայտումը թե՛ ներքին իշխանություններին, թե՛ արտաքին ուժերին, -Մեր միասնականության և հավաքականության ցուցադրումն Ամուլսարի պաշտպանության հարցում։ Տարածված հայտարարության մեջ ասվում է նաև, որ ակնկալում են բոլոր մտահոգ քաղաքացիների ներկայությունն Ամուլսարի համար այս վճռորոշ օրերին։ Խնդիրը ծայրաստիճան է դառնում ու վարչապետը պարտավոր է պահել իր խոստումը: Այս մասին երթի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: «Եթե խոստացվել էր, թե քանի դեռ չկան հստակ երաշխիքներ, որ Ամուլսարի շահագործումը չի ունենա անդառնալի հետևանքներ, ուրեմն չպետք է այն շահագործվի: Ապացույցներ դեռ չկան»,- ասաց պատգամավորը: Գորգիսյանը նկատեց, որ հարցի առնչությամբ դիրքորոշում պետք է հայտնի նաև բնապահպանության նախարարը, այնինչ նա «Ձմեռ պապիկի, բարի փերիի պես մի բան է դարձել. բոլորը նրա մասին խոսում են, բայց նա գոյություն չունի»: Երթին մասնակցում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մեր թղթակցի հետ զրույցում վերջինս ասաց, որ Ամուլսարի շահագործումը կլինի ցեղասպանություն, ինչի մասին տարիներ առաջ իրենք ԱԺ ամբիոնից հայտարարել են: «Որևէ որոշում առանց ժողովրդի համաձայնության չի կարող կայացվել: Մենք այստեղ ենք, լիազորված ենք ջերմուկցիների շնորհիվ: Երկու կարծիք լինել չի կարող. եթե ժողովուրդը դեմ է, չի կարող հանքը շահագործվել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչի համար են դոլարներ վճարել մի կազմակերպության, որը նախորդ իշխանության կողմից արված ուսումնասիրությունների հիմքում եզրակացություն է տվել»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ երթը վարչապետի դեմ չէ, պարզապես մարդիկ մտահոգ են, որովհետև հասկանում են, որ քաղցկեղի աճը բնապահպանական խնդիրներով ևս պայմանավորված է: «Կլինի վարչապետի հերթական խորհրդատվությունը Լիդիանի ղեկավարների հետ, կգան համաձայնության, օքեյ, չեն գա համաձայնության... »,- նշեց նա: Նա հիշեցրեց վարչապետի նախկինում արված հայտարարությունը, որ հանքարդյունաբերության վրա տնտեսությունը զարգացնելու մոտեցումը պետք է վերանայել:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պարել են
Գյումրին այսօր արտասովոր մարդաշատ է: Գյումրեցիների հետ օրը նշելու են եկել բազամաթիվ հայ և օտարերկրացի հյուրեր: Վարչապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետն ու մյուսները շրջանցեցին ռետրո մեքենաների ցուցադրությունը. նկատեց միայն Ալեն Սիմոնյանը
Այսօր Գյումրի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների մեջ նաև ռետրո մեքենաների ցուցադրություն կար, որը վարչապետն ու մյուս պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը ոստիկանը հեռացրեց
Գյումրիում ոստիկանության աշխատակիցը հեռացրեց վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը:«5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12 երկրներից պարաշյուտիստներ Ուկրաինայի երկնքում ազգային խորհրդանիշն են պատկերել
Ուկրաինայի Խարկով քաղաքի երկնքում 12 երկրներից պարաշյուտիստներ երկրի ազգային դրոշի վրա առկա «եռատամն» են պատկերել,...