Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտնվել է սկանդալի կենտրոնում
Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին մի քանի կին մեղադրել են նախկինում սեռական ոտնձգությունների մեջ:
shantnews.am-ը հղում անելով Los Angeles Times-ին, նշում է, որ հաղորդած տեղեկությունների համաձայն` Լոս Անջելեսի օպերայի ադմինիստրացիան սկսել է հրատապ, բազմակողմանի և անկախ հետաքննություն երգչի նկատմամբ։
Այդ հետաքննությանը ներգրավվել է փաստաբան Դեբրա Վոնգ Յանը, որը ավելի վաղ դաշնային դատախազ էր Կալիֆոռնիայի կենտրոնական օկրուգում։ Ի դեպ, Լոս Անջելեսի օպերայում երգիչն աշխատում է արդեն 30 տարի։
Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Խոսե Գիրաոն իր հերթին նշել է, որ Դոմինգոյի հասցեին հնչող մեղադրանքները պետք է ապացուցվեն։ Նա ընդգծել է, որ միայն կանանցից մեկն է բաց հայտարարություն արել, մյուսները անանուն են հանդես եկել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի կին (8 երգչուհի և 1 պարուհի) մեղադրել են 78-ամյա օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին 1980-ականներին սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Դրանից հետո Սան Ֆրանցիսկոյի օպերան Ֆինլանդիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ մեկտեղ չեղյալ էր հայտարարել նրա մասնակցությամբ համերգը։ Սակայն Մոսկվայում, Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում, Լոնդոնի Քովենթ-Գարդենում և Զալցբուրգի փառատոնին համերգները հրաժարվել էին չեղարկել։
Դոմինգոն կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։
Ի դեպ, սեռական ոտնձգությունների մեղադրանքների ալիքը սկսվել էր 2 տարի առաջ դերասան Քևին Սփեյսիի և պրոդյուսեր Հարվի Վայնշթայնի շուրջ սկանդալից հետո։ Ավելի ուշ նմանատիպ համատեքստում հնչել են բազմաթիվ աստղերի և քաղաքական գործիչների անուններ։ Սեռական բռնության դեմ այնպիսի մասշտաբային ակցիաներ էին նախաձեռնվել, ինչպես Me too և Time’s up շարժումները, որոնք մեծ տարածում էին գտել նաև սոցցանցերի շարքային օգտատերերի շարքում։