«Եթե խնդրագիրս բավարարվի և սեպտեմբերի 3-ին ազատ արձակվեմ, բոլորի անվտանգությունը կապահովեմ». Հակոբ Հովհաննիսյան
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր) դեմ նոր հաղորդում ներկայացրած Հակոբ Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել որևէ գործողության։
ArmDaily.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ այժմ գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, նա մեկ այլ գործով դատապարտված է 3 տարի 4 ամիս ազատազրկման։ Հովհաննիսյանը պատմեց, որ հաղորդում ներկայացնելուց հետո այդ գործով առերեսվել է Էրիկ Բալթայանի հետ։ Սակայն համացանցում հաղորդման վերաբերյալ հրապարակումից հետո՝ թեև իր անվտանգությունը հսկողության տակ է վերցվել, սակայն գիտակցում է, թե ինչ թշնամիներ է ձեռք բերել։ «Ելնելով նրանից, որ լինելով կալանքի տակ՝ չեմ կարող մտերիմներիս անվտանգությունն ապահովել, ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ։ Սակայն դա օրենքով անթույլատրելի է ճանաչվել։ Ես պահանջել եմ, որ ինձ տրամադրեն փաստաբան, ապա ժամանակ տան, որ ինքս փաստաբան վարձեմ, որից հետո կմասնակցեմ քննչական գործողություններին»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ ներման խնդրագիր է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ վաղաժամկետ ազատ արձակման համար։ «Արդեն 2 տարի 6 ամիս է գտնվում եմ կալանքի տակ։ Նախագահին խնդրել եմ ինձ ներում շնորհել, քանի որ ես ունեմ մեծ ցանկություն իմ կիսատ թողած ծառայությունը շարունակելու։ Ես Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից եմ, այդ պատերազմի ընթացքում ձեռք բերած հոգեկան խանգարումների արդյունքում 6 ամիս շուտ զորացրվել եմ զինվորական ծառայությունից։ Սակայն հիմա մեծ ցանկություն ունեմ շարունակելու ծառայությունս։ Նշեմ, որ իմ ազատ արձակվելը ոչ մի անմիջական կապ չունի Նարել Ալեքսանդրի Սարգսյանի և Արթուր Արահամի Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործերի հետ»,-ասաց նա։
Հովհաննիսյանը կալանավորվել է 2017 թ-ի փետրվարի 19-ին և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով։ Սակայն 2019 թ-ի փետրվարի 28-ին բացահայտվել է մի դեպք, որը տեղի է ունեցել 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին։ Հովհաննիսյանը պատմեց, որ այդ օրը վիճաբանություն ունեցել Նարեկ Սարգսյանի և Արթուր Մանուկյանի հետ։ «Հիմա հանրության մեջ կարծիք կա, որ ես երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ցուցմունք եմ տվել նախկին իշխանությունների դեմ, որպեսզի ազատ արձակվեմ, նման բան չկա, ես Արթուրի հետ արդեն 7 տարի խնդիրներ եմ ունեցել և պատճառներ եմ փնտրել նրանց հետ հաշվեհարդար տեսնելու, դրա համար որևէ մեկի աջակցության կարիքը չունեմ։ Ուզում եմ, որ դա իմանան իմ բոլոր հարազատները, ովքեր նրանց կողմից վտանգ են տեսնում։ Եթե խնդրագիրս բավարարվի և սեպտեմբերի 3-ին ազատ կարձակվեմ՝ բոլորի անվտանգությունը կապահովեմ»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Նարեկ Սարգսյանի հետ ինքը հանդիպել է միայն մեկ անգամ՝ 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին, որից հետո նրա հետ որևէ հարաբերություն չի ունեցել։
Ներկայացնելով հանդիպման մանրամասները՝ Հովհաննիսյանն ասաց, որ 2012 թ-ի սեպտեմբերին ընդունվել է Երևանի ագրարային համալսարանի վարժարան, որտեղ իր համակուրսեցին է եղել Էրիկ Բալթայանը, ով Արթուր Մանուկյանի մորաքրոջ որդին է։ «Դեկտեմբերի 23-ին ես փողային խնդիրների շուրջ խոսակցություններ եմ ունեցել իմ համակուրսեցու հետ։ Ինքը հարցին լուծում տալու համար դիմել է Արթուր Մանուկյանին, նույն օրը գիշերը մենք հանդիպել ենք Երևանի Խորենացու փողոցում գտնվող ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն, կրակոցներ, դանակահանություն։ Դրա մասին ոչինչ չի ասվել մինչև այս տարվա փետրվարի 28-ը։ Քանի որ ես ներկա չեմ եղել, ներկա է եղել իմ մյուս համակուրսեցին՝ Տիգրան Սարգսյանը, ինքը որոշել է, որ երկրում տեղի է ունեցած հեղափոխությունից հետո ցուցմունք տա նախկինում կատարված հանցագործության մասին։ Սակայն հիմա ես մտահոգույթուններ ունեմ իմ ու հարազատներիս անվտանգության հետ կապված, հույս ունեմ, որ նախագահը կբավարարի խնդրագիրս»,-ասաց Հովհաննիսյանը։