Աշխատատեղերի ու ներդրումների ծավալը չի արդարացնում ակնկալիքները. Մ. Մելքումյան

Տնտեսական հեղափոխությունը բոլորի խնդիրն է՝ ամբողջ ժողովրդի խնդիրն է, իհարկե, վճռական դերակատարություն ունեն իշխանական թևերը՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմինը:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Միևնույն ժամանակ նշեց, որ դեռևս շուտ է խոսել տնտեսական հեղափոխությունից, քանի որ դրա համար ժամանակ է պետք:

«Բայց մենք մեկ անգամ չենք ասել, որ տնտեսական հեղափոխության այն ձևն ու ոճը, որն արվում է այս իշխանությունների կողմից, մեր քաղաքական ուժի տեսակետից տարբերվում է, քանի որ մենք այլ կերպ ենք պատկերացնում, թե ինչպես պետք է ներդրումներ ներգրավել, աշխատատեղեր բացել, ոլորտային զարգացում ապահովել և այլն։ Համենայն դեպս ներդրումների ու աշխատատեղերի մասին դեռևս պոզիտիվ թվեր չենք ստանում»,- ասաց նա:

Մելքումյանը նկատեց, որ իջել են արտահանման ծավալները, առաջին կիսամյակի թվերը վկայում են, որ գյուղատնտեսության ոլորտը 7-8 տոկոսից ավելի անկում ունի, շինարարությունում էլ առանձնապես աճ չկա: Նրա խոսքով՝ ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքը հիմնված է մեքենաների աննախադեպ աճի ու խաղադրույքների վրա, ինչպես նաև շարունակվում են տրանսֆերտները:

«Իհարկե, պետք է արձանագրել, որ իշխանությունն այսօր տնտեսական հեղափոխություն բառն ավելի քիչ է օգտագործում, քանի որ այս պահին մենք դեռ չեն զգում, որ այդ հեղափոխությունը կտրուկ կա, բայց կանցնի որոշ ժամանակ, ու հնարավորություն կլինի ավելի առարկայական խոսել։ Տարվա կեսին հնարավոր չէ ամբողջական գնահատականներ տալ»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Տնտեսագետը հիշեցրեց, որ իրենց  խմբակցությունը դեմ է քվեարկել Կառավարության հնգամյա ծրագրին, քանի որ կանխատեսում էր, որ այդ ծրագրով կառավարությունը չի կարող ապահովել ակնկալվող ցուցանիշները:

«Հիմա տարվա կեսը եկել է, բայց աշխատատեղերի ու ներդրումների ծավալ չեն բավարարում ու արդարացնում մեր ակնկալիքները, որ կոչվեն հեղափոխական»,- շարունակեց Միքայել Մելքումյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝ ներդրումների ներգրավմանը չի նպաստում նաև Հարկային օրենսգիրքը: Նա շեշտեց, որ իրենք մի շարք նախագծեր են բերել, որոնք մերժվել են իշխանությունների կողմից:

«Կառավարությունը չի ցանկանում, որ որևէ կառույց լինի, որը պատասխանատու լինի շինթույլտվության, հողի նշանակության կարգի փոփոխության, փորձաքննության, լիցենզիայի և այլնի համար, ինչը մենք առաջարկել էինք: Ցավոք սրտի, չեն ցանկանում սա անել ու պատասխանատվություն վերցնել, փոխարենը ստեղծել են մի ՓԲԸ, որը կսպասարկի, բայց այն քաղաքական պատասխանատվություն չի կարող ունենալ։

Թեպետ բաներ կա, ընդունում են, սակայն արմատական բաներ կան, որ չեն ընդունում, բայց դա իրենց խնդիրն է, միևնույն է, կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի արածի ու չարածի համար, իսկ մեր խնդիրն է, որ ժամանակին ներկայացնենք, մատնանշենք ու տանք առաջարկներ, այլ ոչ միայն քննադատենք»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը: