Թամփի վարչակարգի այս որոշումը պարունակում է վտանգավոր մեսիջներ ուղղված Երևանին. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «ԱՄՆ-ի «արցախյան» ապտակը Փաշինյանին.
Վաշինգտոնի հայ դատի գրասենյակը տեղեկացնում է, որ Թրամփի վարչակազմը չեղարկում է Արցախին տրամադրվող օգնությունը: Խոսքը Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ականազերծման ծրագրի մասին է: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդամենը 2 շաբաթ առաջ էր հաստատել ծրագրի ֆինանսավորումը 2020-ի համար: Հիմա սա կչեղարկվի 2հյդ ամսվա ընթացքում: Հայաստանից հետո ԱՄՆ-ն երկրորդ երկիրն է, որն ուղղակի ֆինանսական օգնություն է մինչև հիմա տրամադրել Ստեփանակերտին ու այդ հանգամանքն ահավոր նյարդայնացրել է Բաքվին...
Ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին մեծ աշխատանք էին տանում Վաշինգտոնում ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող անմիջական օգնությունը չեղարկելու ուղղությամբ...
Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանն ահազանգում է և կոչ անում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին «նամակախեղդ» անել իրենց կոնգրեսականներին՝ այդ խայտառակ որոշումը չեղարկելու համար...
Որևէ մեկը չի կարող հերքել, որ Թամփի վարչակարգի այս որոշումը քաղաքական է և իր մեջ պարունակում է բավականին վտանգավոր մեսիջներ պաշտոնական Երևանին:
Իսկ ի՞նչ են անում այս ուղղությամբ մեր իշխանությունները: Պատասխանեմ՝ ոչինչ...
Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունն ընդհանրապես անտեսված է: Ռուսաստանյան, ՀԱՊԿ-յան, ԵԱՏՄ-յան տապալված քաղաքականության մասին բազմիցս եմ անդրադարձել: Եվրոպական և ամերիկյան ուղղությունները, ինչպես երևում է, ևս խնդրահարույց են: Սակայն ՀՀ իշխանություններին, որքան կարելի է կռահել, ավելի շատ հետաքրքրում են ներքաղաքական «մուտիլովշչիկությունները»՝ կեղծ օրակարգերի ստեղծումը և այդպիսով հասարակության ուշադրության շեղումը երկրի առջև ծառացած իրական ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական խնդիրներից, որոնցից, այս պահին ամենակարևորը ԱՄՆ իշխանությունների «հակաարցախյան» այս որոշումն է...
Հատկանշական է, որ Թրամփի վարչակարգն այս որոշումը կայացրել է ՀՀ ԱԺ նախագահի և նրա ղեկավարած պատվիրակության և ՀՀ փոխվարչապետի ԱՄՆ կատարած այցերից հետո, որոնց արդյունքների մասին մեծ հիացմունքով էին խոսում իշխանական ԶԼՄ-ները: Սակայն, ինչպես երևում է, պաշտոնական Վաշինգտոնը բավականին բացասական է գնահատել Միրզոյան-Ավինյան այցերի արդյունքները և «արցախյան» ապտակի միջոցով է պատասխանել Փաշինյանին...
Հիշեցնեմ, որ մինչ այս էլ ֆրանսիական դատարանները մի քանի «հակաարցախյան» որոշումներ կայացրին, որոնց պաշտոնական Երևանը գրեթե չարձագանքեց, քանի որ կրկին զբաղված էր ներքաղաքական «վհուկների որսով»... Հայաստանի իշխանությունները տարրականորեն բարձիթողի վիճակում են թողել Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները: Իսկ ԱԳՆ-ի և նրա ղեկավար Զոհրաբ Մնացականյանի պարտիզանական և ԱԱԾ-ական ոճով աշխատանքը, որը նա ընդօրինակել է նախորդ նախարարից, ուղղակի անընդունելի է...
Հիշեցնեմ, որ Իլհամ Ալիևի վարչակարգը երկար ժամանակ է մեծ աշխատանք էր տանում Վաշինգտոնում, որպեսզի ամեն գնով չեղարկի ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող ուղղակի օգնությունը, սակայն մինչև հիմա նրան դա չէր հաջողվել: Ըստ իս, այս իրավիճակից միակ ելքը՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների ակտիվ միջամտությունն է, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն և նրա «ստորաբաժանումներն» ԱՄՆ-ում այս ամենին գրեթե դիտորդի կարգավիճակով են վերաբերվում...
Հ.Գ. Բաքվում, Անկարայում, ինչպես նաև եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում գործող թուրք-ազերիական լոբբիստները հմտորեն օգտվում են Փաշինյանի` արտաքին քաղաքականությունը «չսիրելու» և նրա թիմակիցների մեծ մասի այդ ոլորտում դիլետանտ լինելու հանգամանքից...»: