
«Առավոտ». ՀՀԿ-ամերձ գործարարն «Առավոտի» խմբագրին հայհոյել է՝ նյութը կայքից չհեռացնելու համար

«Առավոտն» իր խմբագրականում գրում է. Երեկ ինձ զանգահարել էր ՀՀԿ-ամերձ մի գործարար միջին մասշտաբի՝ բողոքելով, որ «Առավոտը» նրան վարկաբեկում է։ Ինչպես սովորաբար դա անում եմ, ես աոաջարկեցի նրան հանդես գալ մեր թերթում եւ շարադրել իր տեսակետը, իրականության իր ընկալումը։ Դրան գործարարը համաձայն չէր։ Որպես այլընտրանք աոաջարկեցի դիմել դատարան եւ հասնել արդարության։ Դրան ի պատասխան զրուցակիցս ասաց, որ ես վարկաբեկում եմ մեր հերոս ազգին, իսկ հետո ցանկանում եմ բոլորին «գործ տվող» սարքել։ Նա ցանկանում էր, որ նյութը հանվեր կայքից, որը ե՛ւ անիմաստ է, որովհետեւ այն տարածվել էր մի քանի օր առաջ, ե՛ւ էթիկապես անընդունելի է։ Բանակցությունները, ինչպես ասում են, ավարտվեցին առանց արդյունքի։ Քիչ անց այդ գործարարը sms-ով ինձ սեռական բնույթի հայհոյանք ուղարկեց։
Ես, բնականաբար, նրան ներում եմ, եւ չեմ պատրաստվում որեւէ ընթացք տալ այդ գործին։ Միշտ ասել եմ, որ հայհոյանքն իրականում օգնության ճիչ է եւ բնութագրում է միայն հայհոյողի հոգեվիճակը։ Հիշատակում եմ այս պատմության մասին, որովհետեւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ, անկախ նրանից, թե ինչ է հիմա անում ներկայիս իշխանությունը, անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությանը ճիշտ էր, մասնավորապես, այն պատճառով, որ հիմնականում անցյալում է լրատվամիջոցների հետ շփվելու «հաբռգած» ոճը, որը գալիս էր անպատժելիությունից եւ իրական կյանքի հետ կապը կորցնելուց։ Ասում եմ՝ «հիմնականում անցյալում է», որովհետեւ որոշակի «ռեցիդիվներ» դեռեւս, ինչպես տեսնում եք, կան։ Ի դեպ, ես «ռեցիդիվ» եմ համարում նաեւ նոր իշխանությունների «ես գիտեմ, թե ում պատվերն ես դու կատարում» ոճի արձագանքը։
Միանգամայն օրինաչափ է, որ թե՜ իմ եւ թե՜ մեր քաղաքացիների մեծամասնության ակնկալիքները ներկայիս իշխանությունից ավելի մեծ են, քան նախորդից։ Օրինակ, ոչ մեկիս մոտ կասկած չէր առաջացնում, որ նախկինում դատավորների մեծամասնությունը իշխանությունների կամակատարն էր։ Բայց հիմա մեր մեջ դարձյալ կասկածներ կան՝ արդյոք այսօրվա կառավարիչներն իսկապես ուզում են, որ դատարաններն անկա՞խ լինեն, թե՞ ձգտում են, որ հիմա էլ իրենց կամակատարը լինեն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։