Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչը օրինական է եղել. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչը օրինական է եղել: Այս կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

 

«Վարչապետի հայտնած դիրքորշումը, թե ինչ նպատակ էր դա հետապնդում, այդ կոնտեքստում անօրինական չի եղել»,- ասաց նա:

 

Հարցին՝ յուրաքանչյուր քաղաքացի կարո՞ղ է կոչ անել, որպեսզի դատարանների մուտքերն ու ելքերը փակվեն, նա պատասխանեց. «Ոչ, որովհետև վարչապետի դեպքում հատուկ ներկայացվել է ակցիայի իմաստը և ակցիան ինքնին ի զորու չէր միջամտել դատարանների գործունեությանը»:

 

Լրագրողի հարցին՝ «եթե նույն կոչը ես անեմ, ինչ-որ Փաշինյանն արեց՝ շրջափակել նախարարության շենքը, օրինակա՞ն կլինի այդ կոչը, թե՞ ոչ», Բադասյանը պատասխանեց. «Դա բազմաթիվ հանգամանքներից է կախված: Դուք կոնկրետ իրավիճակ եք ներկայացնում, ես՝ որպես իրավաբան, չեմ կարող կոնկրետ հարցին տեսական պատասխանեմ: Դուք կարող եք տեսական տարբեր իրավիճակներ նկարագրել, բայց ես չեմ պատասխանելու տեսական նկարագրածներին: Ինձ հարցրեցիք այդ շրջափակման մասով, ես այդ մասով ասացի՝ ես հստակ պատասխանեցի»:

Նա հավելեց, որ տեսական հարցերի չի պատասխանելու:

Քաղաքականություն