ՔՊ վարչության անդամ, թե՞ ԱԺ նախագահ. Արարատ Միրզոյանը հակված է ինքնաբացարկ հայտնել
Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայել ՀՀ-ը. կարող է նոր առաջարկ լինեն. Արարատ Միրզոյան
Եթե ինձ ընտրեն վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Tert.am-ի հարցին, թե ՔՊ վարչության ներկայիս նախագահ Սասուն Միքայլեյանի հետ կապված որևէ հարց քննակվել է կուսակցությունում, քանի որ Կոտայքի մարզպետի խոսքով՝ Աբովյանի ընտրություններում Միքայելանը ՔՊ թեկնածուին չի աջակցել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը չներկայանալու փաստին, ԱԺ նախագահը նշեց. «Մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք կստանան ծանուցագիր, կներկայանան այն վայր, որը նշված կլինի ծանուցագրում: Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են՝ այդ թվում նաև ես և պարոն Ծառուկյանը: Լավ չի արել, բայց հուսով եմ, որ կգնա»:
Գագիկ Ծառուկյանը վիրավորական էր որակել իրեն ՔԿ հարցաքննության կանչելը: Մեկնաբանելով ԲՀԿ ղեկավարի այս հայատարարությունը, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես համաձայն չեմ իր դիրքորոշման հետ և հույս ունեմ պարոն Ծառուկյանը կվարանայի իր մոտեցումը»:
Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հրաժարականները ԱԺ նախագահը պայմանավորում է հանրային պահանջով:
«Դատավորների ընդհանուր ժողովից հետո ուղղակիորեն այդ մարմնին մեղադրեցին անգործության մեջ: Շատ առողջ քննարկում սկսվեց դատական իշխանության ներկայացուցիչների միջավայրում և ես ողջունում եմ ինքնաքննադատական մոտեցումը: Ըստ էության, մարդիկ արձագանքում են հանրության պահանջներին»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի առաջադրման հետ կապված քննադատություններ են հնչում, որ իշխող ուժն իր ցանկացած թեկնածուին է անցկացնում և ձևական է նախագահի ինստիտուտը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Շատ նորմալ պրոցես է, երբ նախագահը առաջադրում է թեկնածուներ և ԱԺ-ն ընդունում կամ չի ընդունում: Հենց այդպես էլ մտածած է»:
Դիտարկմանը, որ ՍԴ-ի առանցքային որոշումներ են պատճառը, որ իշխանությունը ցանկանում է յուրային ունենալ մարմնում, Արարատ Միրզոյանը նշեց. «Կարծում եմ՝ սահմանադրության ամենահպանցիկ, մակերեսային ընթերցումը բոլորիս շատ լավ պատկերացում կտա այն մասին, թե ինչքան կարևոր դերակատարում ունի ՍԴ-ն մեր պետության կյանքում, ինստիտուտների հավասարակշռման հարցում: 10-ամյակների ընթացքում ցավոք տեսել ենք մի իրավիճակ, երբ ՍԴ-ն իր ենթադրյալ բարձրության վրա չի եղել: Իհարկե, սա ճգնաժամ է առաջացրել ՍԴ ինստիտուտի շուրջ և այս իրավիճակը պետք է շտկել: Կարծիքներ կան, որ ՍԴ-ն էլ պետք է փոխվի, ապա ՍԴ անդամները հանրության այս ուղերձը պետք է ընկալեն»:
ԱԺ նախագահը նաև չի բացառում, որ Արդարադատության օրերս հրաժարական ներկայացրած նախարար Արտակ Զեյնալյանին մեկ այլ պաշտոն վստահվի. «Զեյնալյանին համարում եմ իմ լավ ընկերը, մեր բարեկամը: Կարծում եմ՝ վաղ է խոսակցություններն այն մասին, որ Արտակ Զեյնալյանը դուրս է եկել երկրի քաղաքական, իրավական կյանքի ամենաակտիվ և առաջնորդային դերակատարումից: Կարող է և նոր առաջարկ լինել: Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայել ՀՀ-ը»: