Ես միայն ուրախ եմ, որ ինչ-որ բան առաջ է գնում. Լևոն Քոչարյանըՙ Մարտի 1-ի գործի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործընթացին,- գրում է Shantnews.am-ը:
Հարցին՝ արդյո՞ք վատ չի զգում այն հանգամանքից, , որ Մարտի 1-ի իրադարձությունները փորձում են կապել իր հոր անվան հետ, նա պատասխանեց. «Շատ վատ եմ զգում, վատ եմ զգում, որ դա իրականությունը չէ, մարդկանց մոլորեցրել են: Դա կոնկրետ նպատակ է հետապնդել՝ այն շրջանակների կողմից, ովքեր մոլորեցրել են մարդկանց, ըստ էության՝ մարդկանց վշտի վրա ինչ-որ նպատակներ հետապնդելով են դա արել, այսինքն՝ օգտագործել են մարդկանց վիշտը»:
Նա հիշեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանը մարտիմեկյան իրադարձություններից հետո պաշտոնավարել է մոտ 40 օր՝ մինչև ապրիլի 9-ը, և արձագանքելով հարցերին՝ ինչո՞ւ հայրը չի բացահայտել այդ դեպքերը նշված 40 օրում, ասաց. «40 օրում պետք է բացահայտվե՞ր այդ ամենը, ի՞նչ եք կարծում, այդ վիճակում: Ես չեմ կարծում: Խանութից բան են գողանում, կարող է ամիսներ տևել, մինչև բացահայտեն»: Լևոն Քոչարյանն ընդգծեց՝ վատ է, որ ինչ-որ բան օդից կախված է՝ մարդկանց մոտ կասկածները չեն փարատվում, ենթադրությունները շարունակվում են:
Նրա կարծիքով՝ լավ կլինի, որ բացահայտեն Մարտի 1-ը. «Ես միայն ուրախ եմ, որ ինչ-որ բան առաջ է գնում»: Վերջինս նաև շեշտեց՝ առաջին շահագրգիռ մարդիկ իրենք են, որ սպանությունները բացահայտվեն: