Փաշինյանի պահանջը կտրուկ էՙ Վիտալի Բալասանյանի հրաժարականը
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջեւ դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին եւ առաջարկել է ազատման դիմում գրել:
Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։
Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված, խնդիր է դրել՝ Արցախի իշխանությունների շարքերից ազատվել բոլոր նրանցից, որոնք կարող են խոչընդոտել Արցախում իր պլանավորած հեղափոխությունն իրականացնելու գաղափարի իրագործմանը կամ Արցախյան հիմնահարցի կարգավորման իր «ծրագրին»։
Նա այդ գործընթացը սկսել էր դեռ վաղուց՝ իշխանությունից հեռացնելով հրամկազմի ազդեցիկ եւ փորձառու ներկայացուցիչներին, ինչպես դա եղավ, օրինակ, Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լեւոն Մնացականյանի դեպքում։ Նման անհեթեթ իրավիճակ ստեղծելով՝ Փաշինյանը, ըստ էության, պարտադրեց նաեւ Արցախի ԱԱԾ նախկին պետ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հրաժարականը։
Առանց կոնկրետ պատճառի Արցախի բանակի հրամանատարին ազատելու փաստը շատերի զայրույթն առաջացրեց, հատկապես, երբ հայտնի դարձավ, որ այդ պաշտոնանկության պատճառը նախընտրական քարոզչության օրերին Արցախի Պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանի եւ մի շարք զինվորականների սուր արձագանքն էր «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հաղթանակը։ Այդ արձագանքներից հետո Լեւոն Մնացականյանին առաջարկել էին աշխատանքից ազատել խոսնակին։ Մնացականյանը հրաժարվել էր եւ հայտնվել ՀՀ իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի սեւ ցուցակում։
2018թ. նոյեմբերին Սասուն Միքայելյանի այդ հայտարարությանը կոշտ արձագանքել էին նաեւ Վիտալի Բալասանյանը եւ այլք։
Այդ ժամանակ եւս համառ լուրեր տարածվեցին, որ ՀՀ իշխանությունները պահանջ են դրել ազատվել Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներից, որոնք կոշտ հակադարձում են Փաշինյանի թիմակիցների հայտարարություններին։
Եվ ահա, այդ «սեւ ցուցակի» մեջ ներառված էր նաեւ Վիտալի Բալասանյանը, որի նկատմամբ բազմաթիվ քայլեր ձեռնարկվեցին ՀՀ իշխանությունների կողմից։
Մայիսի 31-ին Բալասանյանը հայտարարեց «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին, ինչը եւս ՀՀ իշխանությունների կողմից խիստ բացասական ընդունվեց։ Բալասանյանը, չնայած այդ ամենին, շարունակում էր հրապարակավ տեսակետներ արտահայտել, որոնցում նա դարձյալ չէր թաքցնում Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների եւ իշխանությունների նկատմամբ ՀՀ իշխանությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ իր խիստ դիրքորոշումները։
Այժմ արդեն Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում։ Արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինչպե՞ս կվարվի, հատկապես, եթե Վ. Բալասանյանը Փաշինյանին ցանկալի հրաժարականն ինքնակամ չներկայացնի։ Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել։
Ի վերջո, Բալասանյանի հրաժարականից հետո Բակո Սահակյանը կարող է հայտնվել բոլորովին միայնակ վիճակում, եւ չի բացառվում, որ դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը պահանջի հենց Բակո Սահակյանի հրաժարականը՝ չսպասելով 2020 թվականին Արցախի նախագահի հերթական ընտրություններին։ Ի վերջո, նրա նպատակն է՝ հեղափոխությունն արտահանել Արցախ՝ թեկուզեւ պատերազմի մեջ գտնվող երկրի փորձառու հրամկազմին, իշխանությունների ներկայացուցիչներին վարկաբեկելու փորձերի գնով։ Արտահանում, որի հեռահար եւ բուն նպատակը դեռ վերջնականապես հրապարակայնացված չէ»:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում: