6 քրեական գործ պաշտոնյաների որդիներիՙ զինծառայությունից ազատ դեպքերով. Ինչ կապ ունեն Ապարանի ոստիկանապետի որդին և եղբորորդին. Hetq am
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի որդին և եղբորորդին ներգրավված են քրեական գործում, որը հարուցվել է Քրեական օրենսգրքի 327 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը։ Նշված անձինք հարցաքննվել են որպես վկա։ Այս մասին գրում է Hetq. am-ը:
«Հետքը» փորձել է պարզել, թե որ փուլում են այս ստուգումները:
Տարբեր գերատեսչությունների հետ գրեթե երեք ամիս տևած մեր նամակագրությունից պարզ դարձավ, որ զինվորական դատախազությունում ուսումնասիրվել է ժամկետային զինծառայությունից առողջական պատճառով ազատված կամ տարկետում ստացած 363 զորակոչիկների՝ այդ թվում նախկին ու ներկա պաշտոնատար անձանց զավակների անձնական գործեր:
Գլխավոր դատախազությունից մեզ հայտնել են, որ այդ տվյալները տրամադրվել են ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ այդ զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ որոշումեր կայացնելու գործընթացում թույլ տրված հնարավոր կոռուպցիոն դրսևորումները ստուգելու և բացահայտելու համար:
«Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված և զինվորական դատախազությանը տրամադրված տվյալների հիման վրա քրեական գործ հարուցելու օրինական առիթի և բավարար հիմքերի առկայությամբ հարուցվել են 6 քրեական գործեր՝ համապատասխան զորակոչիկների կողմից հիվանդության սիմուլյացիայի կամ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի առթիվ (քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր)»,-ասված է գլխավոր դատախազության պատասխանում:
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը շարադրված է հետեւյալ կերպ՝ պարտադիր ժամկետային զինծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։
Մենք դիմել էինք ՊՆ, ոստիկանություն, Քննչական կոմիտե և դատախազություն՝ հետաքրքրվելով, թե 2018 թվականի ամառային զորակոչից (Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո) մինչ այժմ նախկինում զինծառայությունից ազատված քանի՞ քաղաքացիների՝ զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունն է ստուգվել։ Այդ ստուգումների արդյունքում քանի՞ դեպքով է, որ քրեական գործ է հարուցվել, և ի՞նչ հիմքով է մյուս դեպքերում որոշվել քրեական գործեր չհարուցել։
Դատախազությունից հայտնել են նաև, որ ոստիկանության կողմից այլ զորակոչիկների վերաբերյալ տրամադրվող նույնաբնույթ տեղեկությունները քննարկվում են, քրեական գործերը հարուցվում են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:
Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների զավակների կողմից զինծառայությունից խուսափելու դեպքերի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվում է ևս 6 քրեական գործ 7 անձի նկատմամբ, որոնցից երեքը ներգրավված են որպես մեղադրյալ։ Բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է։
Պաշտպանության նախարարությունը փորձում է ինֆորմացիա չտրամադրել
ՊՆ-ն փորձում է հնարավորինս քիչ ինֆորմացիա տրամադրել ստուգումների գործընթացի վերաբերյալ։ Նախ ՊՆ-ից հայտնեցին, որ Քրեական օրենսգրքի 327 և 324 հոդվածների (զորակոչից խուսափում, փաստաթղթերի կեղծում) հատկանիշներով հարուցված քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն կարող է տրամադրել միայն ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը։
Այնուհետև պարզ դարձավ, որ ուժային կառույցներում կա ներքին պայմանավորվածություն, որ զինվորական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրատվամիջոցներին փոխանցվում է միայն ՊՆ-ի կողմից համապատասխան գաղտնագրում անցնելուց հետո, այսինքն՝ ՊՆ-ն է որոշում՝ ինչն է ենթակա հրապարակման, ինչը՝ ոչ։
Այդ մասին է վկայում ոստիկանությունից ստացված ոչ բովանդակային՝ ընդհանրական պատասխանը։
ՊՆ ուղարկված մեր երկրորդ հարցման միջոցով հնարավոր եղավ պարզել, որ վերոնշյալ հոդվածների հատկանիշներով ՌՈ-ում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկատվություն տրամադրել Քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեն էլ հայտնեց Ապարան քաղաքի բնակիչների՝ Ա. Հայրապետյանի և Հ. Հայրապետյանի կողմից փաստաթուղթ կեղծելու միջոցով զինծառայությունից ազատվելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։ Մեզ հաջողվեց պարզել, որ վերոնշյալ անձինք Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի որդին և եղբորորդին են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ ստուգման շրջանակներում ընդգրկվելու են նաև կառավարության՝ զինծառայությունից ազատված պաշտոնյաները, ապա հավելել, որ որևէ պարագայում կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։
Հաջորդիվ կփորձենք ներկայացնել հարուցված մյուս քրեական գործերի վեերաբերյալ այլ մանրամասներ, ինչպես նաև տեղեկություն, թե արդյոք վարչապետի թիմակիցներից որևէ մեկը կամ ընտանիքի անդամը ներգրավված է այս քրեական գործերում, թե ոչ։