«Արան պապդ է… դավաճան». Օպերային թատրոնում դեմ են Նազենի Ղարիբյանին. Aravot am
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին հրավիրվել է աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին մասնակցում են թատրոնի կառավարման խորհրդի անդամները, գրում է Aravot am-ը: Կոլեկտիվի անդամներին հետաքրքրում էր, թե ինչպես է կառավարման խորհրդի նախագահ ընտրվել նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը, երբ կոլեկտիվը դեմ է նրան: Կառավարման խորհրդի անդամներից 2-ը օպերային թատրոնից են` Պերճ Քարազյանն ու Սերգեյ Սաֆարյանը: Նրանք վստահեցնում էին, որ օբյեկտիվ քվեարկության արդյունքում է տիկին Ղարիբյանն ընտրվել: «Կառավարման խորհրդի անդամներից 4-ը նախարարությունից են, մեր ներկայացուցիչները ինչպես էլ քվեարկեին, արդյունքը չէր փոխվելու»,-ասաց Հարություն Արզումանյանը: «Թատրոնի խորհուրդը պետք է թատրոնի շահը դարձնի գերակա, ոչ թե փորձության ենթարկի թատրոնը»,-ասաց Սաֆարյանը: Պերճ Քարազյանը նշեց, որ իրենք քաջատեղյակ են թատրոնի խնդիրներից, հավատացրեց, որ միաձայն է անցել Նազենի Ղարիբյանը. «Նազենի Ղարիբյանը խորհրդի ամենաազդեցիկ մարդն է, որն ամենօրյա շփում ունի կառավարության հետ, ինքն է ներկայացնում մշակույթը կառավարությունում: Նախագահ ընտրվելը շատ պարտավորեցնող է, ամենաշուտ կերպով մեր թատրոնի խնդիրները կհասցնի կառավարություն»: Ի պատասխան դահլիճում աղմուկ բարձրացավ, դահլիճից բացականչեցին. «Դուք Օրբելյանին ծախել եք»: Դիրիժոր Հարություն Արզումանյանն էլ ասաց, որ հենց Նազենի Ղարիբյանի շնորհիվ են իրենց 7 պրեմիերաները բեմադրվել առանց պետական աջակցության: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանն ասաց, որ իրենք ընտրել են Նազենի Ղարիբյանին խորհրդի նախագահ, բայց օրենսդրությունը չի պարտադրում, որ նա անպայման լինի նախարար: Նա առաջարկեց քվեարկել` ով է կողմ եւ դեմ, որ Նազենի Ղարիբյանը լինի օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, գերակշիռ մեծամասնությունը դեմ քվեարկեց: Լեւոն Ջավադյանն առաջարկեց հետ կանչել իրենց ներկայացուցիչներին` խորհրդի կազմից եւ նոր ընտրություն իրականացնել, նաեւ առաջարկեց անվստահություն հայտնել խորհրդին: Հարություն Արզումանյանն էլ տարակուսանք հայտնեց, թե ինչու խորհուրդը չէր տեղեկացրել տնօրենին նիստի մասին: Աշխատակիցներից մեկն էլ զարմացավ, որ նախկինում խորհուրդը նիստերը գումարում էր թատրոնի շենքում, իսկ այս անգամ դա այդպես չի եղել: Պերճ Քարազյանը պատասխանում էր իրեն ուղղված հարցերին, երբեմն կոպիտ արձագանքում դահլիճին. «Արայով չխոսեք, արան պապդ է»: Ամբողջական նյութը` Aravot am-ի:

Պատահարներ