Դուք սուտ եք ասում. Արմեն Գրիգորյանին բարկացրեց լրագրողի հարցը
Կառավարության այսօրվա նիստից հետո տեղի ունեցավ ճեպազրույց: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց որՀայ-ռուսական հարաբերություններում որևիցե խնդիր չի տեսնում:
«Իմ մակարդակով ակտիվ աշխատում ենք, իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ ենք, նախատեսվում է նաև Պատրուշևի այցը Հայաստան, սակայն, դեռ բանակցությունների փուլում է», – ասաց ԱԽ քարտուղարը` հիշեցնելով, որ արդեն 3 հանդիպում ունեցել են:
Լրագրողի հարցը, թե նախկինում խնդիրներ են եղել, երբ Արմեն Գրիգորյանը մասնակցել է հակապուտինյան ակցիաների և պաստառներ է պահել, հունից հանեց Արմեն Գրիգորյանին:
«Դուք սուտ եք ասում», – արձագանքեց Արմեն Գրիգորյանը, ինչից լրագրողը վիրավորվեց ու խնդրեց նման արտահայտություններ չանել: «Որովհետև սա շահարկվում է, բազմիցս սրա պատասխանները տրվել են և հստակ են տրվել», – շարունակեց ԱԽ քարտուղարը:
Լրագրողը կրկին փորձեց շտկել իրավիճակը` ասելով, որ ինքը ոչ թե շահարկում է, այլ առաջին անգամ այս մասին հարցնում է: Արմեն Գրիգորյանը, սակայն, երկար չշարունակեց վիճել.
«Եթե դուք կբերեք պաստառներ ու ցույց կտաք, որ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, այդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը», – ասաց նա: