ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ խամաճիկային դատարան պետք չէ. Ինչու է Փաշինյանը որոշել փակել դատարանների ելքերն ու մուտքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանուն անկախ դատարանիա ակցիայի մասին խոսել է ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ վաղը դատարանների ելումուտն արգելափակելու ակցիայի մասնակիցներից որևէ մեկի գործողություններում չպետք է սադրանք լինի․ «Մենք որևէ սադրանքի չենք տրվի, բայց որևէ բան մեզ հետ չի պահում մեր երկիրն իրոք իրավական, ժողովրդավարական պետություն դարձնելու համար։ Ես հավաստիացնում եմ, որ այդ ճանապարհով ես կգնման, ոչ մի բանի առաջ չեմ կանգնի»։
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ ոստիկանությունը պետք է աջակցի հավաքին, քանի որ այն խաղաղ բնույթ է կրում․ «Սահմանադրության համաձայն ոստիկանությունը պետք է ապահովի խաղաղ հավաքը»։
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում նաև նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների հրավիրել է խորհրդակցության՝ հետագա քայլերը քննարկելու և հասկանալու համար։ Վարչապետն ասաց՝ վաղը՝ ժամը 12։00-ի իր ելույթից հետո, կտեղեկացնի հետագա քայլերի մասին։
«Երբևէ չմտածեք, որ ես երկնչել եմ, գուցե աշխատելաոճս էնպիսին է, որ ոչ բոլորն են համաձայն, որ ես երբեմն սիրում եմ մինչև վերջ համոզված լինել, մինչև վերջին վայրկյանը շանս տալ ուրիշներին, որ ամեն ինչ ընթանա առանց իմ միջամտությունների, ժողովրդի միջամտությունների, բայց երբ տեսնում ենք, որ սպառվել են բոլոր հնարավորությունները, պետք է գործել։ Բայց պետք է գործել Սահմանադրության, միջազգային իրավունքի տառին համապատասխան։ Մեր վերջնանպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը։ Ես հավատում եմ մեր իդեալին ու վստահ եմ՝ կունենանք»։
Վարչապետը հիշեցրեց՝ առաջին օրից ասել է՝ Կառավարությանը խամաճիկային դատարան պետք չէ․ «Այստեղ դնում եմ վերջակետ, մնացածը կասեմ վաղվա ելույթիս ժամանակ»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղը առավոտյան արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը: